Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Screen Shot 2015-02-02 at 14.27.09Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որով վերջինս մերժել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերը՝ ապրիլի 24-ին լինել Թուրքիայում և մասնակցել Դարդանելի ճակատամարտի տոնակատարություններին:  Սերժ Սարգսյանը Էրդողանի նամակին պատասխանել էր հետևյալ կերպ. «Ձերդ Գերազանցություն, դեռևս մի քանի ամիս առաջ հրավիրել եմ Ձեզ Երևան՝ 2015 թվականի ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը: Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»:

Նշելով, որ Հայաստանին հրավեր է ուղարկվել այդ մարտերում կյանքը տված հայ զինվորներին հարգանքի տուրք մատուցելու համար, Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Ոչ հեռավոր անցյալի շրջադարձային իրադարձություններից մեկի՝ Դարդանելի ճակատամարտի առթիվ անցկացվող ամենամյա հիշատակի արարողությունները  կարևոր նշանակություն ունեն  միասին պատերազմած ժողովուրդների կորուստները այսօր՝ բարեկամության և խաղաղության մթնոլորտում հիշատակելու տեսանկյունից: Առաջին  համաշխարհային պատերազմում, ինչպես Դարդանելի ճակատամարտի օրինակն է վկայում, թուրքերի գլխավորությամբ Օսմանյան կայսրության բոլոր ժողովուրդներն էլ խորը ցավ են ապրել և մեծ կորուստներ կրել: Այդ պատճառով Թուրքիան, հասկանալով ու չժխտելով հայերի ցավը, անկեղծորեն կիսում է այն»:

Ակնարկելով Սերժ Սարգսյանի 2015թ. հունվարի 29-ի հայտարարությունը,  որտեղ ՀՀ նախագահը ցինիկ և անհեռատես էր որակել Էրդողանի հրավերը, ասվում է. «Հերթական անգամ անտեսելով  Թուրքիայի մարդկային, խոհեմ և իրատեսական մոտեցումներն ու Թուրքիայի պարզած ձեռքը,  ցավով արձանագրում ենք, որ ուղարկած հրավերը անվայել ոճով հետ  է վերադարձվել: Խստորեն դատապարտում ենք հարևան երկրի ղեկավարին, հնագույն հայ ժողովրդի ներկայացուցչին ոչ հարիր նման ոճը»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Հայաստանը պետական ամբողջ մեխանիզմն ու բոլոր հնարավոր միջոցները համախմբել է 2015-ը Թուրքիայի և թուրք ժողովրդի դեմ ատելության տարի դարձնելու համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը նաև ողջախոհության կոչ է արել Հայաստանի ղեկավարությանը:

Հունվարի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2015-ի ապրիլի 24-ը հայտարարել էր Չանաքքալեի (Գալիպոլի-ՍիվիլՆեթ) ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի օր և Թուրքիա հրավիրել տարբեր երկրների առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Վերջերս հայտնի թուրք պատմաբան Այհան Աքթարն ընդարձակ հոդվածով անդրադարձել է այս խնդրին, խոսել Դարդանելի ճակատամարտի նշանակության, հայերի մասնակցության ու նաև այն մասին, թե ինչ նպատակ է հետապնդում Թուրքիան հիշատակի արարողությունները տեղափոխելով ապրիլի 24: