Արցախի «Շարժում 88» կուսակցությունը դատապարտում է Բերձորի բռնությունը

Արցախի «Շարժում 88» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած բռնությունը և ներողություն խնդրելով կատարվածի համար:

««Շարժում 88» կուսակցությունը խստորեն դատապարտում է հունվարի 31-ին ԼՂՀ և ՀՀ սահմանին «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունները, ազատ կամարտահայտման և մարդու ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումները։

Կատարվածի և դրան հաջորդած զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա։ Մենք կոչ ենք անում իշխանություններին զերծ մնալ մարդու իրավունքների ոտնահարմանն ուղղված քայլերից և հետամուտ լինել դեպքի մեղավորներին անհապաղ հայտնաբերելու և խստագույնս պատժելու մեջ, այլապես այս ամենը կարող է անդառնալի և անկանխատեսելի հետևանքներ ունենալ։

Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր տուժածներին՝ մենք կատարվածի համար ներողություն ենք խնդրում մեր հայրենակիցներից»,- ասված է կուսակցության վարչության տարածած հայտարարությունում։

Բերձորում կատարված բռնությունը քննադատության էր ենթարկել նաև «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք Բերձորի մոտ հարձակվել են Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները:

Մեկնաբանել