Բերձորում կատարվածը դատապարտելի է, անընդունելի է. ՀՅԴ

Բերձորում կատարվածը դատապարտելի է, անընդունելի է: Անհամաչափ ուժի կիրառումը, կարծում եմ, որևէ լավ բանի չհանգեցրեց: Սա մեզ համար անընդունելի է: Նաև վտանգավոր է. Հայաստանում և դրսի որոշ ուժեր կփորձեն այս անընդունելի միջադեպն օգտագործել մեր ներքին պառակտման կամ Ղարաբաղի ու Հայաստանի միջև սեպ խրելու նպատակով: ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Ազգային ժողովի Հայ հեղափոխական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ մեկնաբանելով Բերձորում Հիմնադրի խորհրդարանի անդամների նկատմմաբ կիրառված բռնությունները և նշելով, որ սա կուսակցության պաշտոնական տեսակետն է:

Հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք Բերձորի մոտ հարձակվել են Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները:

«Այս առումով` մենք, բնականաբար, շատ վատ ենք ընդունում այդ միջադեպը: Կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը` բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակներն անընդունելի են, հատկապես կարգախոսը` «Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի», դա չի կարելի կապել մեր ներքին խնդիրների հետ, որովհետև Ցեղասպանության 100-ամյակը բոլորովին այլ բան է, որտեղ պետք է համազգային համախմբվածություն: Երկրորդ` մեզ համար անհասկանալի է` ինչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների և տարբեր ներկայացուցիչների բազմաթիվ հորդորները անտեսեց և Արցախի սահմանների ներկայիս իրավիճակում որոշեց այդ երթն իրականացնել: Ես, օրինակ, կուզենայի, որ երկու կողմերն էլ հրապարակեին, թե ովքեր են դիմել, քանի անգամ են դիմել խնդրանքով, հորդորով, որ մի’ արեք այդ երթը»,- ասաց Վարդանյանը:

Մեկնաբանել