Ադրբեջանը մեկնաբանեց՝ ինչու է ԵԽԽՎ-ում պաշտպանել Ռուսաստանին

14111956531061528308_750x500Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովը մեկնաբանել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հունվարի 28-ին Ռուսաստանի Դաշնության պատվիրակությանը ձայնից զրկելու և սահմանված պատժամիջոցներն ուժի մեջ թողնելու քվեարկությանն ադրբեջանական պատվիրակության դիքրորոշումը:

«Մենք չենք միանում այդ պատժամիջոցներին, մենք դեմ ենք դրան»,- ասել է Ասադովը, հաղորդում է contact.az-ը: Նրա խոսքով՝ չհիմնավորված են ենթադրությունները, որ Ադրբեջանն այդպիսով «աջակցում է օկուպանտին»:

«Դա բոլորվին էլ այդպես չէ: Մենք պարզապես պատժամիջոցների փոխարեն հանդես ենք գալիս որպես  երկխոսության կողմնակից: Այդ նույն Եվրոպան Լեռնային Ղարաբաղի հարցում հայերի դեմ պատժամիջոցների փոխարեն մեզ առաջարկում է երկխոսություն. մենք էլ առաջարկում ենք նույն տարբերակը: Դա չի նշանակում, որ մենք Ուկրաինայի նկատմամբ բացասական վերաբերմունք ունենք: Մենք բոլոր դեպքերում պաշտապնում ենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ասադովը:

***

Հունվարի 28-ին Ռուսաստանի Դաշնությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից զրկելու մասին բանաձևի օգտին քվեարկել է 160 պատգամավոր, դեմ՝ 42: Նախնական փաստաթղթում ԵԽԽՎ-ն ՌԴ-ի վրա սահմանում էր մի շարք արգելքներ: Լրացման ընդունումից հետո պատժամիջոցների ցանկը զգալիորեն ընդլայնվել է: Ե՛վ լրացումը, և՛ վերջնական որոշումը արժանացել են պատգամավորների մեծամասնության աջակցությանը:

Լրացմանը կողմ է քվեարկել Ուկրաինայի պատվիրակությունն ամբողջ կազմով: Դեմ են քվեարկել Հայաստանի, Ադրբեջանի, Սերբիայի, Կիպրոսի պատվիրակությունները, ինչպես նաև ավստրիացիների, շվեյցարացիների, հոլանդացիների, թուրքերի մի մասը: Ընդհանուր բանաձևի քվեարկության ժամանակ ՀՀ պատվիրակությունը ձեռնպահ է մնացել: Հայաստանի քվեարկության ռնչությամբ պաշտոնական մեկանաբանություն չի արվել:

2014թ. ապրիլին Ղրիմի՝ Ռուսաստանին միացմամբ պայմանավորված՝ ԵԽԽՎ-ն մինչև տարեվերջ Ռուսաստանին զրկել էր ձայնի իրավունքից, ինչպես նաև ԵԽԽՎ-ի ղեկավար մարմինների աշխատանքներին ու դիտորդական առաքելություններին մասնակցելու իրավունքից։