Սաակաշվիլին՝ Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի թեկնածու

Saakashvili 1Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է մասնակցել Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնի համար մրցույթին: Այս լուրը նա հաստատել է Цензор.net լրատվական պորտալի հետ զրույցում:

Սաակաշվիլիի կարծիքով՝ կոռուպցիան Ուկրաինայի ամենագլխավոր թշնամիներից է: Ուկրաինայում հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարի պաշտոնում իր գործողությունների ծրագիրը Սաակաշվիլին մտադիր է կառուցել Վրաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մոդելի հիման վրա:

Մինչդեռ բուն Վրաստանում Սաակաշվիլին մեղադրվում է Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածով, այդ թվում՝ պետական միջոցների վատնում, խաղաղ ցուցարարների հետ հաշվեհարդարի կազմակերպում, գործարար Բադրի Պատարկացիշվիլիի ունեցվածքի ապօրինի տիրացում և այլն:

Քանի որ Վրաստանի նախկին նախագահն այդպես էլ չի ներկայացել դատախազություն՝ հարցաքննության, որպես նրա խափանման միջոց է ընտրվել հեռակա կալանքը:

Միխեիլ Սաակաշվիլին, որը Վրաստանից հեռացել է 2013թ. նոյեմբերին՝ իր նախագահական լիազորությունների լրանալուց մի քանի օր առաջ, վերջին 14 ամիսներին հիմնականում ապրում է ԱՄՆ-ում և Ուկրաինայում: Իրեն առաջադրված մեղադրանքները նա անհիմն է համարում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն երկրում մի շարք պաշտոնների է նշանակել Սաակաշվիլիի թիմակիցներին:

Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ երկրի Ազգային հակակոռուպցիոն բյուրոն պետք է վճռական քայլեր ցուցաբերի կոռուպցիայի դեմ պայքարում մինչև Ուկրաինայի անկախության օրը, որը նշվում է օգոստոսի 24-ին: Ավելի վաղ Պորոշենկոն ասել էր, որ այդ պաշտոնում օտարերկրացու է տեսնում: