Fitch-ն իջեցրել է Հայաստանի վարկանիշները

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունն իջեցրել է Հայաստանի օտարերկրյա և ազգային արժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները «BB-» մակարդակից «B+»` կայուն կանխատեսմամբ:

Երկրի` օտարերկրյա և ազգային արժույթով առաջնային չապահովված պարտատոմսերի վարկանիշերը նույնպես իջեցվել են «BB-»-ից «B+»: Երկրի առաստաղային վարկանիշը իջեցվել է «BB»-ից «BB-»: Օտարերկրյա արժույթով թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը հաստատվել է «B» մակարդակում, ասված է գործակալության հաղորդագրությունում:

Fitch-ը նշում է մասնավորապես, որ Հայաստանը մեծապես ենթարկված է Ռուսաստանում տնտեսական լուրջ անկման ռիսկին, ինչը կարող է զգալի ճնշում գործադրել Հայաստանի վճարային հաշվեկշռի և աճի հեռանկարների վրա:

«2015թ. տնտեսությունում ակնկալվում է չափավոր ռեցեսիա` Ռուսաստանում տնտեսական իրադրության վաթտարացման և արտաքին դիսբալանսների վրա հավանական բացասական ազդեցության ու հետագա դևալվացիոն ճնշման դեպքում ուժեղացման ռիսկով:

2015թ. ակնկալվում է ընթացիկ գործարքների հաշվի պակասուրդի աճ արտասահմանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումների և Ռուսաստանի կողմից արտահանման պահանջարկի կտրուկ կրճատման պատճառով:

Հայաստանը մեծապես կախված է ռուսական գազի մատակարարումներից, Ռուսաստանում աշխատող քաղաքացիների դրամական փոխանցումներից և ռազմական օգնությունից, ինչը նրան զգալի չափով խոցելի է դարձնում Ռուսաստանում տնտեսական և քաղաքական փոփոխությունների նկատմամբ: 2015թ. հունվարին Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը էլ ավելի կուժեղացնի նրա տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ինստիտուցիոնալ կապերը Ռուսաստանի հետ: Չնայած Գյումրիում վերջին իրադարձություններին` մենք ակնկալում ենք, որ երկկողմ սերտ հարաբերությունները կպահպանվեն ու կշարունակեն ազդել Հայաստանում տնտեսական և ինստիտուցիոնալ իրադրության վրա»,- ասված է Fitch-ի հաղորդագրությունում:

Ավելի վաղ` հունվարին, միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը իջեցրել էր Հայաստանի վարկանշային վարկանիշը Ba2-ից Ba3-ի` բացասական կանխատեսմամբ:

Ազգային արժույթով թողարկվող պարտատոմսերի և դեպոզիտների վարկանիշը նվազեցվել էր մինչև Ba1` Baa3-ից:

Մեկնաբանել