Նաիրիտցիները մինչև փետրվարի 25-ը մեկ ամսվա աշխատավարձ կստանան

Նաիրիտցիների բողոքի ցույցը կառավարության շենքի առջև, հունվարի 27, 2015թ.:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 2-ին հանդիպել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների հետ, ինչպես խոսատացել էր հունվարի 27-ին: Ինչպես հաղորդում են էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունից, նա ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու պարտքի մարման վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը և տեղեկացրել, որ մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:

Զախարյանի խոսքով՝ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են գործարանի գույքը գրավից հանելու ուղղությամբ աշխատանքները, որից հետո՝ հետագա գործարկման ընթացքում գործարանին ոչ պիտանի գույքը կիրացվի, և յդ կերպ հնարավոր կլինի աշխատավարձի պարտքի մարման խնդիրն ավելի արագ կարգավորել: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ստեղծվել է գործարանի աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն ցուցակագրել է գրավի տակ չգտնվող գույքը և փորձելու է կարճ ժամկետում կազմակերպել դրա իրացումը: Նա վստահեցրել է, որ իրացումից գոյացած գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձի պարտքի մարմանը, որը «վերջնահաշվարկի հետ միասին կազմում է մոտ 15 մլն. դոլար, կամ 7,2 մլրդ դրամ»:

«Այդ պարտքն ամբողջությամբ պետք է վճարվի: Ձեր աշխատավարձի պարտքի մարման խնդիրն անհանգստացում է բոլորիս: Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այդ հարցը լուծվի հնարավորին սեղմ ժամկետում»,- ասել է Երվանդ Զախարյանը:

***

«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ հունվարի 27-ին բողոքի ցույց են անցկացրել նախագահի նստավայրի դիմաց, այնուհետ՝ էներգետիկայի նախարարություն՝ պահանջելով իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքի մարում: Այդ օրը Երվանդ Զախարյանը նրանց հետ հանդիպմանն ասել էր, որ առաջիկա օրերին նրանք կստանան մեկ ամսվա աշխատավարձ:

Գործարանի աշխատակիցները նույն պահանջով ցույց են անցկացրել նաև 2014-ի դեկտեմբերին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նրանց հետ հանդիպմանն ասել էր, որ պետությունը ներկայում իրավասություն և հնարավորություն չունի մարելու կուտակված պարտքերը:

«Նաիրիտ» գործարանն արդեն չորս տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ $1 մլն է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր:

Մեկնաբանել