Ռուսաստանի դեմ դավադրություն Արևմուտքում չկա. Բարոզու

BarrosoՈւկրաինայում ռազմական գործողությունների ակտիվացմամբ Ռուսաստանի և Եվրոպական Միության միջև լարվածությունը կարող է վերաճել մայրցամաքում իսկական ճգնաժամի: Այսպիսի հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն շվեյցարական Le Temps թերթի հետ զրույցում:

«Սա չհայտարարված պատերազմ է, դա ակնհայտ է: Ուկրաինական իշխանությունները մինչև այժմ խոսում են ագրեսիայի մասին»,- այսպես է Բարոզուն բնութագրել ՌԴ և Ուկրաինայի ներկայիս հարաբերությունները:

«Ճշմարտությունն այն է, որ ՌԴ նախագահը, հակառակ իրողությանը, պնդում է, որ որևէ առնչություն չունի դրա հետ,- նշել է Եվրահանձնաժողովի նախկին ղեկավարը: – Ես նրա հետ հանդիպել եմ մոտ քսան անգամ, վերջին անգամ՝ հոկտեմբերին Միլանում: Նա երբեմն ասում է, որ կցանկանար միջնորդի դեր խաղալ ուկրաինական կառավարության և ռուս անջատողականների միջև: Սակայն դա չի համապատասխանում իրականությանը: Ո՞վ է զինում անջատողականներին: Ո՞վ է նրանց սատարում քաղաքական, բարոյական, ֆինանսական և ռազմական առումներով»:

Քաղաքական գործիչը համոզված է, որ այսօր դիվանագետների առաջ ծառացած է հետևյալ խնդիրը՝ բոլոր միջոցներով թույլ չտալ, որ պատերազմը տարածվի Եվրոպայով մեկ:

«Հուսամ՝ կհաջողվի խուսափել դրանից: Ամեն դեպքում, Եվրամիությունը մտադիր չի դրան դիմել: Եվրոպան հետաքրքրված չէ Ռուսաստանի հետ խնդիրների ստեղծմամբ: Եվրոպան պետք է ինչ-որ կերպ արձագանքեր այն ամենին, ինչի հետ համաձայն չէր: Մեծ երկիրը բռնակցում է ավելի փոքր երկրի տարածք: Դա միջազգային իրավունքի բացարձակ խախտում է: Եվրոպան կարող էր ձևացնել, որ ոչինչ չի տեսնում: Սակայն դա կարող էր դրդել նմանատիպ նոր արկածախնդրությունների և է՛լ ավելի լուրջ խնդիրներ ստեղծել»,- ասել է նախկին եվրապաշտոնյան ու հերքել գաղափարը, որ Արևմուտքում Ռուսաստանին մեկուսացնելու վերաբերյալ դավադիր պլան կա:

«Մեզ ձեռնտու է կայուն Ռուսաստանը: Զուտ տնտեսական տեսանկյունից Ռուսաստանը մեզ համար ավելի կարևոր է, քան Ուկրաինան»,- նկատել է Ժոզե Մանուել Բարոզուն:

Ակնարկ

Ուկրաինայում իրավիճակի սրման ֆոնին, մասնավորապես, հունվարի 24-ին Մարիուպոլում ռմբակոծությունից հետո, Եվրամիությունում սկսեցին քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հնարավորությունը: ԱՄՆ-ն նաև ՌԴ դեմ տնտեսական ճնշումը ուժեղացնելու պատրաստակամություն հայտնեց:

Հունվարի 29-ին Բրյուսելում կայացել է Եվրոպական Միության անդամ-երկրների 28 արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում Մոսկվայի դեմ պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշում է ընդունվել: Այդ քայլին ԵՄ-ն դիմել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների ակտիվացման և դրանում Ռուսաստանի դերակատարության կապակցությամբ:

2014թ. մարտին ԵՄ-ն իր տարածք մուտքի արգելք սահմանեց և սառեցրեց Ղրիմի՝ Ռուսաստանին միացման հետ առնչություն ունեցող ՌԴ մի շարք պաշտոնյաների ակտիվները: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվորեն աջակցել ուկրաինացի անջատողականներին: Մոսկվան իր հերթին հերքում է իր անմիջական մասնակցությունը Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններին՝ հայտարարելով, որ անջատողականների շարքերում կռվում են ռուս կամավորներ: