Խորապես անհանգստացած ենք վերջին լրջագույն բռնություններով. Ուորլիք

James-Warlick2ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լուրջ անհանգստություն են հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շաբաթներին տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Մենք խորապես անհանգստացած ենք այն լրջագույն բռնություններով, որոնք վերջերս տեղի են ունեցել շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում»,- ասել է նա:

Ուորլիքի խոսքով` վերջին շրջանում նկատվող միջադեպերն ու բռնության շիկացումն ուղղակիորեն վնասում են տարածաշրջանի բոլոր երկրներին:

«Մենք նախատեսում ենք շուտով տարածաշրջան այցելել և բոլոր կողմերի հետ բանակցություններ անցկացնել: Ինչպես նաև նախատեսում ենք բանակցություններ վարել նախագահների հետ»,- նշել է ամերիկացի համանախագահը:

Ջեյմս Ուորլիքի հետ «Ամերիկայի ձայն»-ի հարցազրույցն ամբողջությամբ հեռարձակվելու է փետրվարի 4-ին:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները կոչ են արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ իր հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում: