ԼՂՀ նախկին փոխարտգործնախարարը դատապարտում է Բերձորի բռնությունը

Արցախի «Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհուրդ» վերլուծական կենտրոնը, որի նախագահը ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն է, դատապարտել է «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ հունվարի 31-ին Բերձորում կիրառված բռնությունը:

«Հայաստանի քաղաքացիների մուտքն Արցախ ուժային մեթոդներով արգելումն ոչ մի արդարացում չունի։ ԼՂՀ ղեկավարության ոչ համարժեք քայլերը լուրջ վնաս են հասցրել հայ ժողովրդի երկու հատվածներին և Արցախի անվտանգությանը, նաև կասկածի տակ դրել ԼՂՀ –ի՝ որպես ժողովրդավարական և իրավական պետության միջազգային բարի համբավը։ ՀՀ և ԼՂՀ հանրություններին կոչ ենք անում ջանք չխնայել ստեղծված աննախադեպ իրավիճակը հաղթահարելու և պառակտում թույլ չտալու համար»,- ասված է կենտրոնի հայտարարությունում։

Հունվարի 31-ին ոստիկանական մեքենաներով անհայտ անձինք Բերձորի մոտ հարձակվել են Երևանից Լեռնային Ղարաբաղ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի են ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները:

Բերձորում կատարված բռնությունն ավելի վաղ դատապարտել էր և տեղի ունեցածի համար ներողություն էր խնդրել Արցախի «Շարժում 88» կուսակցությունը : Բռնությունը քննադատության էր ենթարկել նաև «Ազգային վերածնունդ» կուսակցությունը:

Մեկնաբանել