Պերմյակովին կդատեն ռուսական ռազմակայանում. Interfax

Ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, որը մեղադրվում է Գյումրիում մեկ ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ, կանցկացվի Հայաստանում ռուսական ռազմակայանի կայազորային դատարանում, այս մասին գրում է ռուսական Interfax գործակալությունը:

Հղում անելով իր աղբյուրներին՝ գործակալությունը գրում է, որ «նման որոշում է ընդունվել Հայաստանի հյուսիսում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա»:

Գործակալության մեկ այլ աղբյուր տեղեկացրել է, որ կողմերը համաձայնեցնում են համատեղ մեղադրական եզրակացությունը՝ ՌԴ օրենսդրության հիման վրա:

«Քանի որ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քրեական գործը միաժամանակ հետաքննում են և՛ ռուսական, և՛ հայկական կողմերը, ներկայում լուծվում է ՌԴ քրեական օրենսդրության հիման վրա միասնական համաձայնեցված մեղադրական եզրակացության ընդունման հարցը»,- հայտնել է Interfax գործակալության աղբյուրը և հավելել, որ հայ քննիչների պատրաստած նյութերը կփոխանցվեն ռուսական կողմին և կկցվեն գործին:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Մեկնաբանել