Նախագահականի դիմաց հացադուլ անող Առուշանյաններն անցել են նստացույցի

«Էյչ-Էս-Բի-Սի» բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանի ընտանիքը և հարազատները, որ հունվարի 20-ից հացադուլ էին սկսել նախագահի նստավայրի դիմաց, հունվարի 3-ին դադարեցրել են հացադուլը՝ անցնելով նստացույցի: Առուշանյանը դատապարտվել է «Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրենի մեքենայից 56,4 միլիոն դրամի գողությանը օժանդակելու մեղադրանքով։ Նրա ընտանիքը համարում է, որ իրենց որդին մեղավոր չէ և ապօրինի է դատապարտվել։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Աշոտ Առուշանյանի հայրը՝ Լավրենտի Առուշանյանը նշեց, որ փետրվարի լույս 3-ի գիշերը վատացել է հացադուլին մասնակցող իր կնոջ՝ Անահիտ Առուշանյանի առողջական վիճակը: Նրան տեղափոխել են հիվանդանոց, այնուհետ՝ տուն: Լավրենտի Առուշանյանի խոսքով՝ հացադուլը դադարեցնելը պայմանավորված է այդ հանգամանքով: Նա ընդծեց, որ նստացուցը ժամանակավոր բնույթ է կրում և չի բացառվում, որ նրանք վերադառնան հացադուլի: Առուշանյանը տեղեկացրեց նաև, որ ինքը նամակ է հանձնել նախագահի աշխատակազմ՝ պահանջով, որ նախագահն իրենց ընդունի մինչև գործով Վճռաբեկ դատարանի որոշումը, քանի որ իրենք վստահ են, որ նախագահը ամբողջ տեղեկատվությանը չի տիրապետում:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 31-ին Սիրահարների այգում զրուցել էր Անահիտ Առուշանյանի հետ եւ խոստացել նրանց ընդունել Վճռաբեկ դատարանի որոշումից հետո:

Լավրենտի Առուշանյանը նշեց, որ նստացույցի արդյունք չտալու դեպքում, իրենք շարունակելու են բողոքի ակցիաները՝ դիմելով անգամ ծայրահեղ միջոցների:

Առուշանյանները հունվարի 29-ին հայտարարել էին, որ հրաժարվում են ցանկացած բուժօգնությունից։

***

Առուշանյանները նախագահականի դիմաց հացադուլ էին արել նաև 2014-ի նոյեմբերին՝ պահանջելով արդար դատաքննություն իրականացնել և ազատ արձակել Աշոտ Առուշանյանին, որի գործը այդ ժամանակ Վերաքննիչ դատարանում էր: Վերջինս նոյեմբերի 28-ի նիստում մերժեց Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի բողոքը` անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով: 2013թ. հունվարին Աշոտ Առուշանյանը դատապարտվել էր 5,5 տարի ազատազրկման:

HSBC բանկի նախկին աշխատակից Աշոտ Առուշանյանը մեղադրվում է նրանում, որ փաստաթուղթ է տրամադրել գողության մեջ մեղադրվող Էդգար Կարաքեշիշյանին՝ բանկի հաճախորդ հանդիսացող տուժողի մոտ կանխիկ խոշոր գումարի առկայության մասին: Առուշանյանի հարազատների ու փաստաբանի պնդմամբ` որդու վերաբերյալ միակ ապացույցը մեղադրյալներից Արտաշես Գալուստյանի ցուցմունքն է։ Գալուստյանի խափանման միջոցի փոխվելուց հետո նրան կախված էին գտել տանը:

Մեկնաբանել