Բերձորի իրադարձությունների զարգացումը ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ. Բակո Սահակյան

030215KhorhrdaktsKashataghAvtoertr

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին խորհրդակցություն է հրավիրել հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Բակո Սահակյանը նշել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կողմից դեպի Արցախ ավտոերթ կազմակերպելու նախաձեռնությունն ի սկզբանե դժգոհություն էր առաջացրել Արցախի հասարակության տարբեր հատվածներում:

«Ունենալով հավաստի տվյալներ երթը կասեցնելու համար Քաշաթաղի շրջան հարյուրավոր մարդկանց մեկնելու մասին՝ ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու և հնարավոր բացասական զարգացումները կանխելու նպատակով ստիպված էր իրականացնել համապատասխան միջոցառումներ: Իրադարձությունների զարգացումը, ցավոք, ունեցավ ոչ ցանկալի հետևանքներ: Դժբախտաբար, հնարավոր չեղավ խուսափել անկարգություններից և բախումներից, ինչն ստացավ հանրային հնչեղություն»,- ասել է Բակո Սահակյանը:

Նա ոստիկանապետին հանձնարարել է անցկացնել մանրակրկիտ ծառայողական քննություն տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ և արդյունքների մասին զեկուցել իրեն անհրաժեշտ եզրահանգումների համար:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, այլ պաշտոնյաներ։

***

Հունվարի 31-ին ոստիկանները Բերձորի մոտ բռնություն են գործադրել Երևանից Արցախ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների վրա, ծեծի ենթարկել նրանց, կոտրել մեքենաների ապակիները և դրոշները։