Թուրքիայի՝ «զոհի» կերպարի վրա կառուցված հարյուրամյա ռազմավարությունը

Հունվարի 26-ին ՍիվիլՆեթը ներկայացրել էր Ստամբուլի Բիլգի համալսարանի դասախոս Այհան Աքթարի հոդվածի առաջին մասը, որում հեղինակը բացատրում է, թե Թուրքիան ինչ նպատակ է հետապնդում 2015թ. ապրիլի 24-ին մեծ շուքով նշելով Դարդանելի ճակատամարտի հարյուրամյակը: Երկրորդ մասում հոդվածագիրը պատմում է, թե Օսմանյան կայսրության համար բախտորոշ նշանակություն ունեցած Դարդանելի ճակատամարտին ինչքան հայ է մասնակցել: Հոդվածը թարգմանաբար ներկայացվում է ստորև:

Յուսուֆ Հալաչօղլուն, որին նախկինում հանձնված էր Թուրքիայի հայերի գործերը տնօրինելու իրավունքը (այժմ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր), տեսնելով, որ պաշտոնական պատմագրության թեզերը վտանգված են, հանդես է գալիս նոր մոտեցմամբ. «Դարդանելի ճակատում ինչքա՞ն հայ և ինչքա՞ն թուրք կար: Հայերին կարելի էր մատների վրա հաշվել: Դարդանելի ճակատամարտում կռվողները հայեր չէին, հայերը Դարդանելի (Չանաքքալե-ՍիվիլՆեթ) ճակատամարտի ժամանակ Վանում ապստամբություն էին բարձրացրել…: Հայերը, հրավեր ստանալով, արդարացիորեն կարող են ասել․ թե հայրենիքը միասին ենք փրկել, այդ դեպքում ինչո՞ւ եք մեզ աքսորել: Էրդողանը պատմական սխալ անելու եզրին է»:

Մինչև պարզելը, թե Դարդանելում ինչքան հայ զինվոր կար, նախ տեղափոխվենք 100 տարի հետ: Ռազմական նախարար Էնվեր փաշան Սարիղամիշում մի գումարտակ, այսինքն՝ 50.000 զինվոր ձյան մեջ թաղելուց հետո 1915թ․ հունվարի 11-ին հեռացավ արևելյան ռազմաճակատից: Ռուսական բանակն անցավ հակահարձակման և սկսեց շարժվել Վանի ուղղությամբ: Սարիղամիշում կրած պարտությունը ռազմական մարմինների կողմից մամուլի վրա գրաքննություն կիրառելու միջոցով գաղտնի պահվեց ժողովրդից: Անկարելի է մոռանալ, թե ինչպես 1915թ․ հունվարի 4-ին «Թասվիր-ի Էֆքյար» թերթն առանց ամաչելու գրեց. «… Հաղթական առաջ շարժվող մեր բանակը․․․ գրավել է Սարիղաշիմը և մեծ թվով գերի և ավար ձեռք բերել»: Սակայն գրաքննությունը բավական չէր. «Միություն և առաջադիմություն» կուսակցությունն իր կադրերին պետք է հաշիվ տար, թե ինչո՞ւ է պարտություն կրել: Եթե ոչ՝ ինչ որ մեկը կարող էր դուրս գալ և տապալել էնվեր փաշային իր անտաղանդության և թուլության պատճառով: Այդժամ գտնվեց փնտրվող պատրվակը․ հայերը ապստամբություն են բարձրացրել և թիկունքից հարվածում են մեր բանակին:

Դարդանելի ճակատում գտնվող հայ զինվորները

Էնվեր փաշան 1915թ․ փետրվարի 25-ին բանակի և գումարտակների հրամանատարությանն ուղարկած շրջաբերականում գրում է, որ բազմաթիվ քաղաքներում հայերն ապստամբություն են բարձրացրել և թշնամիների օգնությամբ երկրի ներսում «հեղափոխություն» են պատրաստում: Էնվերի շրջաբերականի առաջին հոդվածով հրամայվում է հայ զինվորներին առհասարակ զենք չտալ: Այդ հրամանը, բանականաբար, հասել էր նաև Դարդանելում գտնվող երրորդ գումարտակի հրամանատար Էսաթ փաշային: Նա մարտի 5-ին իր ենթակայության տակ գտնվող ջոկատներին ծանուցում է հրամանի մասին: «Երրորդ գումարտակում գտնվող հայ զինվորների թիվը 3%-ից չի անցնում, և, ընդհանուր առմամբ, նրանք կասկածի տեղիք չեն էլ տալիս»: Էսաթ փաշան, այնուհետ մեղմացնելով հրամանը, ասում է. «Հայ զինվորների մեծ մասը տիրապետում է ինչ-որ արհեստի, նպատակահարմար է նրանցից, ովքեր զենք են կրում, ինչ-որ պատրվակով վերցնել զենքը, ու ըստ իրենց արհեստի աշխատանքի դնել»: (Էսաթ փաշայի չհրապարակված հուշերը, էջ 451-452)

Ինչքա՞ն էր Դարդանելի պաշտպանության համար կռվող երրորդ գումարտակի զինվորների թիվը: Էդվարդ Էրիքսոնի «Գալիպոլի․ օսմանյան ռազմարշավ» գրքում տեղ գտած տվյալների համաձայն՝ 1915թ. փետրվարին Դարդանելի ճակատում 34.500 զինվոր է եղել: Եթե այդ թվի 3%-ից էլ քիչ հաշվելու լինեք, կստացվի, որ շուրջ 1000 հայ զինվոր է գտնվել ճակատում: Մի խոսքով՝ Դարդանելում կռվող հայ զինվորների թիվը չես կարող մատների վրա հաշվել, ինչպես պնդում է Հալաչօղլուն: Հույն և հրեա զինվորներին էլ ավելացնելու դեպքում հանգիստ կարող ենք ասել, որ երրորդ գումարտակի զինվորիների 8-10%-ը ոչ մահմեդականներ էին:

Բրիտանական արխիվներում՝ ռազմական հետախուզության զեկույցներում, պահվում են օսմանյան ռազմագերիների հարցաքննության տեքստերը, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում: Օրինակ՝ ապրիլի 25-ին 27-րդ գնդի գերի ընկած երեք զինվոր, որոնք հեռախոսավարի գործ էին անում, հայտնում են, որ գումարտակում քրիստոնյա զինվորները ծառայություն են կատարում առանց զենքի: Ապրիլի 26-27-ին գերի ընկած մի այլ սպա, որը ենթադրվում է՝ հայ է և ծառայել է 77-րդ գնդում, պատմում է, որ 57 և 72 գնդերի հետ միասին կազմել են 19-րդ դիվիզիան, որի հրամանատարը փոխգնդապետ Մուստաֆա Քեմալն էր: Վեց տարի հետո, երբ Չառլզ Բինը շարադրում էր Ավստրալիայի պաշտոնական պատմությունը, գրում է, որ Մուստաֆա Քեմալի անունն առաջին անգամ հանդիպում ենք բրիտանական զեկույցներում: Կարճ ասած՝ պրոֆեսոր Հալաչօղլուն իրեն թող շատ նեղություն չտա, եթե Անկարայի ռազմական արխիվը նորմալ մահկանացուների առջև փակ է, ապա անգլիական արխիվները բաց են բոլորի համար:

Սակայն Հալաչօղլուի խոսքում ճշմարտության հատիկ կա՝ մեկ էլ հայերը կարող են վեր կենալ ու հարցնել․ կարծես միասին ենք պատերազմել, ինչո՞ւ եք մեզ աքսորել: Ավելին՝ օսմանյան արխիվներում պահվում են դիմումներ, որոնցով հայ սպաները խնդրում են աքսորից հետ վերադարձնել իրենց ընտանիքներին: Կապիտան Թորոսյանի հուշերում կարդում ենք, որ նա փորձել է այդպիսի մի խնդրագրով դիմել ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային:

Չմոռանանք՝ 2012թ․ Թորոսյանի հուշերը հրապարակվելուց հետո խախտվեց պաշտոնական պատմագրության լռությունը և սկսվեցին քննարկումները: Արդյունքում՝ պետական պաշտոնյաներից մեկը հայտարարեց, որ օսմանյան բանակի ներսում հայ զինվորներ են եղել: Ինչքան էլ կապիտան Թորոսյանին շնորհակալ լինենք՝ քիչ է:

Ժխտողական պետական մտածելակերպ

Լավ, ինչո՞ւ է իշխանությունը 2015թ. նախաձեռնել պատմությունը տեղաշարժելու քաղաքականություն: Ցավերի մրցության վրա կառուցված ժխտողական քաղաքականության հիմքում պատմական անցյալն է: Ցավոք, պետությունը խելացի է և չի կարողանում դուրս գալ այս շրջանակից: 1918թ․ հոկտեմբերի 30-ին, Մուդրոսի զինադադարի ստորագրելուց հետո, նոյեմբերի 2-ի գիշերը Էնվեր փաշան և նրա ընկերները գերմանական շոգենավով փախան երկրից: Նոյեմբերի 13-ին Անտանտի երկրների նավատորմի 44 ռազմանավ խարիսխ գցեց Ստամբուլի նավահանգստում: Չորս տարի մոլորության մեջ գտնվող Ստամբուլի մուսուլման բնակիչներն այսուհետ ապրում էին պարտված և նվաճված վիճակից բխող ծանր հոգեկան դրության մեջ:

Ստամբուլի գրավման օրերին օսմանյան մեջլիսը գործում էր, և 1914-ին ընտրված պատգամավորները դեռևս կատարում էին իրենց պարտականությունները: Օսմանյան մեջլիսում հայկական հարցն առաջին անգամ քննարկվում է 1918 նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Խորհրդարանի հայ պատգամավորները բացեիբաց խոսում էին տեղահանության, կոտորածի, բռնագրաված հայկական գույքի և Անատոլիայի ( նկատի ունի Արևմտյան Հայաստանի ու Օսմանյան կայսրության արևելյան ուրիշ վայրերում ապրող հայերին-ՍիվիլՆեթ) ու Փոքր Ասիայի այլ բնակավայրերի հայությանը պատուհասած աղետի մասին:

«Միություն և առաջադիմություն» կուսակցության պատգամավորները հետևյալ հիմքի վրա են կառուցում իրենց պաշտպանական քաղաքականությունը․ «Թուրքերը ևս պատերազմի զոհ են ու ճնշված, և ո՞վ պետք պաշտպանի նրանց իրավունքները: Օրինակ՝ 1918թ. դեկտեմբերի 11-ին պատգամավոր և «ազգային բանաստեղծ» հռչակված Մեհմեթ Էմինը (Յուրդաքուլ՝ «Հայրենիքի ծառա»-ՍիվիլՆեթ) կրակոտ ելույթ ունեցավ՝ ասելով, թե հայերին պատուհասած աղետը որևէ կապ չունի թուրքերի հետ: Նա մերժում էր, թե հայերի հետ կատարվածը կապ ունի թուրքերի հետ՝ առաջ քաշելով թուրքերի «ազգային բնավորությունը»: Մեհմեթ Էմինն անընդհատ հիշեցնում էր, որ թուրքերը մշտապես հալածյալների պաշտպաններ են եղել, որ չգիտի, թե հույն և հայ պատգամավորների ներկայացրած զուլումի հեղինակներն ովքեր են, բայց այն մի քանի հոգու գործն է, և թուրք ազգը չի կարող պատասխանատու լինել դրա համար: «Ուստի պարոնայք, մեկ այլ պատվավոր, տառապած ու ճնշված քաղաքացիների վերաբերյալ ներկայացրած հայցի կողքին, ես հայց եմ ներկայացնում ճնշված թուրք ժողովրդի համար»: «Մեր ազգային բանաստեղծը» շատ լավ էր տիրապետում ցավերի մրցության մեթոդին:

1918թ․ դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած նիստին, երբ կրկին խոսք է գնում թուրքերի զոհ լինելու մասին, Քոզանից ընտրված պատգամավոր Մաթոս Նալբանդանը չի դիմանում և խոսք է վերցնում՝ Մեհմեթ Էմինին տալով հետևյալ պատասխանը․ «Մեհմեթ էմինն ասում է թէ իրենք՝ թուրքերն էլ են վնասներ կրել: Սակայն թուրքերը որպես ազգ վնասներ են կրել, իսկ հայերը սպանվել են ինչպես կենդանիների հոտեր։ Անշուշտ, ընդունում եմ, որ թուրքերն էլ են զոհվել: Միայն թե ձևի տեսանկյունից մահերի մեջ վեհության և ստորության տարբերություն կա: Դա ամեն դեպքում պետք է ընդունել: Թուրքերը սահմանին պատերազմի ժամանակ հերոսաբար մահացել են, իսկ հայերը՝ ստորաբար սպանվել»:

Ինչպես տեսնում ենք՝ 2015-ին «ցավերն իրար հետ մրցության մեջ դնելով» ու աշխարհին զոհի կերպարով ներկայանալու Թուրքիայի կեցվածքը խոր արմատներ ունի: «Արդարություն և զարգացում» կուսակցության զոհի կերպարի վրա կառուցված ինքնապաշտպանական ռազմավարությունը նմանվում է 1918թ. երիտթուրքերի ժխտողական թեզերին: Դուք չգիտեմ ինչպես, բայց ինձ տխրություն է պատճառում այն, որ պետության խելքն այդքան ամուլ վիճակում է մնացել: Ես հարգանքով հիշում եմ Մաթոս Նալբանդյանին, որի՝ ցավերը մրցության մեջ դնողներին ուղղված խոսքն ամենածանրակշիռ պատասխանն է:

Մեկնաբանել