Պուտինը Մերկելին առաջարկել է ուկրաինական հարցը լուծել «չեչենական սցենարով». FT

2014թ. նոյեմբերին ավստրալական Բրիսբենում «Մեծ քսանյակի» շրջանակում բանակցութհյունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին առաջարկել է ուկրաինական հակամրտության լուծման չեչենական տարբերակը:

Ինչպես գրում է Financial Times հեղինակավոր պարբերականն իր «Պայքար Ուկրաինայի համար. ինչպես Արևմուտքը կորցրեց Պուտինին» հոդվածում, ՌԴ նախագահը Գերմանիայի կանցլերին ասել է, որ Կիևը պետք է ինքնահռչակ հանրապետությունների հանդեպ վարի նույն քաղաքականությունը, ինչ Մոսկվան՝ Չեչնիայում. «փրկագնվել նրանցից՝ փող և ինքնավարություն տալով»:

Պարբերականը գրում է, որ քահանայի դուստր Անգելա Մերկելի համար, որի մեջ խորապես արմատացած է արդարության զգացումը, նման առաջարկն անընդունելի էր:

«Արդեն հաջորդ օրը Սիդնեյում Մերկելը մի կողմ է դրել իրեն բնորոշ զգուշավորությունը և նախազգուշացրել, որ Ռուսաստանը կարող է սպառնալ ոչ միայն Ուկրաինային, այլև Վրաստանին և Բալկաններին»,- գրում են Finacial Times-ի հոդվածագիրները:

Բրիսբենից հետո, ըստ բրիտանական հանդեսի, Կրեմլի աղբյուրը պատմել է, որ Պուտինի և Մերկելի միջև երբեք «հատուկ հարաբերություններ» չեն եղել, ինչպես հաճախ խոսվում է դիվանագիտական շրջանակներում:

«Պուտինն ու Մերկելը միմյանց տանել չեն կարող,- ասել է աղբյուրը Financial Times-ին: – Նրանք, անշուշտ, պրոֆեսիոնալներ են և փորձում էին գործադրել բոլոր հնարավոր ջանքերը: Սակայն դա, թվում է, փոխվել է»:

ԵՄ-ին և ԱՄՆ-ին չի հաջողվել խաղաղություն բերել Ուկրաիանում կամ փոխել Պուտինի քաղաքականությունը, բայց մեկ բանում նրանք հաջողության են հասել՝ միասնություն պատժամիջոցների հարցում: Առաջիկա ամիսներին այս միասնությունը փորձության կենթարկվի, երբ Եվրոպան ստիպված կլինի որոշում ընդունել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների երկարաձգման վերաբերյալ:

Մեկնաբանել