Կոստանյանը դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազին

gevorg-kostanyanԳլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Այս մասին հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ղեկավարվելով ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում  ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ Համաձայնագրի 6-րդ հոդվածով, հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը  ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջով: Գևորգ Կոստանյանը «տղամարդավարի» խոստացել էր հարցի առնչությամբ դիմել Ռուսաստանի իր պաշտոնակցին: