Սաուդյան Արաբիան կկրճատի նավթի արդյունահանումը, եթե Ռուսաստանը հրաժարվի աջակցել Սիրիայի կառավարությանը` նախագահ Բաշար ալ Ասադի գլխավորությամբ: Այս մասին գրում է ամերիկյան New York Times պարբերականը` վկայակոչելով սաուդցի և ամերիկացի պաշտոնյաներին, որոնք չեն ցանկացել բացահայտել իրենց անունները:
Պարբերականի տեղեկություններով` վերջին մի քանի ամիսներին Սաուդյան Արաբիայի իշխանություններն այս հարցը քանիցս քննարկել են ռուսաստանցի իրենց պաշտոնակիցների հետ, սակայն բանակցություններն արդյունք չեն տվել: Սաուդցի պաշտոնյաները հայտարարել են, որ ունեն Ռուսաստանի վրա ազդելու լծակներ` շնորհիվ համաշխարհային շուկա նավթի մատակարարումները կրճատելու հնարավորության, ինչը կարող է հանգեցնել նավթի գների աճի, նշում է New York Times-ը:
«Եթե նավթը կարող է լուծել ռազմական ճգնաժամը Սիրիայում, արդարացված է, որ Սաուդյան Արաբիան օգտագործի այն` խաղաղության շուրջ պայմանավորվելու համար»,- հայտարարել է սաուդցի դիվանագետը, որի անունը չի նշվում:
Ընդ որում` Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն տեղեկացրել, թե ինչ կերպ են նավթի արդյունահանման հարցը կապում սիրիական ճգնաժամի լուծման և Բաշար ալ Ասադին Ռուսաստանի աջակցության հետ:
2014թ. ամռանից նավթի գինը նվազել է $110-ից $50` 1 բարելի դիմաց: Վերլուծաբանները նշում էին, որ դա պայմանավորված է շուկայում հումքի ավելցուկով:
Նոյեմբերի 27-ին Նավթ արտահանող երկրների կազմակերպության` ՕՊԵԿ-ի անդամ երկրները որոշում ընդունեցին պահպանել նավթի արդյունահանման քվոտաները օրական 30 մլն բարելի մակարդակում, ինչը հանգեցրեց «սև ոսկու» գների էլ ավելի անկման: 2015թ. հունվարին Brent տեսակի նավթը շարունակեց էժանանալ և հասավ $45/1 բարել մակարդակին: Փետրվարի սկզբին նավթի գները սկսեցին բարձրանալ:
Փետրվարի 3-ին Brent-ի գնանշումները գերազանցել են $57/1 բարելը, WTI տեսակի նավթի գինը` $51/1 բարելը: