Պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների փոխանակման հարցում, որն ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը: Այս մասին ասել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ հանդիպմանը:
ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը, սկսած 1992թ., արդյունավետ կերպով համագործակցում է ԿԽՄԿ-ի հետ և նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը։
ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն` ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը: