ՊՆ-ն պատրաստ է համագործակցել անհայտ կորածների հարցում

SCbiHteam8Mir5L82sbztJ5XeUՊաշտպանության նախարարությունն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո  համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կործաների տվյալների  փոխանակման հարցում, որն ուղղված կլինի միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի իրագործմանը: Այս մասին ասել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտի հետ հանդիպմանը:

ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակման համաձայնությունների իրագործման հնարավոր ուղիները:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայկական կողմը, սկսած 1992թ., արդյունավետ կերպով համագործակցում  է  ԿԽՄԿ-ի հետ և նպատակադրված է շարունակել այդ աշխատանքը։

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին նշել է, որ լինելով չեզոք, անկողմնակալ և անկախ կազմակերպություն` ԿԽՄԿ-ն տարածաշրջանում իր առաջնահերթություններից  է  համարում ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորած շուրջ 4500 անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված աշխատանքը: