Պարտադիր փաստաթղթավորման պահանջը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը

photoԱզգային ժողովը փետրվարի 4-ին ձայների 75 կողմ, 40 ձեռնպահ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ««Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի» նախագիծը, համաձայն որի՝ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը:

Պարտադիր փաստաթղթավորման պահանջը մինչև հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկի մասին հունվարի 31-ին հայտարարել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ «որոշվել է նաև այդ ընթացքում մշակել այնպիսի օրենսդրական կարգավորումներ, որոնք մինչև 58 մլն դրամի տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողների համար կստեղծեն առավել բարենպաստ պայմաններ»:

***

Փոքր և միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները հունվարին բողոքի ցույցեր անցկացրին կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում էին կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը, որը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 1-ից:

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքով առաջարկվում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոսից նվազեցնել 1 տոկոս՝ նրանց, սակայն, պարտավորեցնելով գործունեություն ծավալել հստակ փաստաթղթաշրջանառությամբ:

Օրենքը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի վստահեցմամբ, ուղղված է խոշոր հարկատուներին հարկային դաշտ բերելուն, պետք է ուժի մեջ մտներ 2014թ. հոկտեմբերի 1-ին: Սակայն այն առաջացրել էր փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների դժգոհությունը, և նախքան դրա ուժի մեջ մտնելը նրանք բողոքի ցույցեր էին անցկացրել նաև 2014-ին: Արդյունքում փոքր ու միջին բիզնեսին ներկայացվող գույքագրման պահանջը երկարաձգվել էր մինչև 2015թ. փետրվարի 1-ը: