Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին միջուկային պատերազմով է սպառնում

Պաշտոնական Փհենյանը սպառնում է կիրառել պատերազմական բոլոր հնարավոր միջոցները: Պաշտոնական Փհենյանը սպառնում է կիրառել պատերազմական բոլոր հնարավոր միջոցները:

Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ի դեմ «աննախադեպ պատերազմական միջոցներ» կիրառել:

Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հրապարակել է երկրի Պաշտպանության պետական կոմիտեի հերթական պատասխանը «ամերիկացի իմպերիալիստների թշնամական քաղաքականությանը», նոր պատժամիջոցներին և ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի զորավարժություններին, հաղորդում է Reuters գործակալությունը:

«ԿԺԴՀ-ն այլևս պատրաստ չէ բանակցել ԱՄՆ-ի գանգստերների հետ և մտադիր է պատասխանել Վաշինգտոնի կատաղի քաղաքականությանը»,- հայտարարել է Փհենյանը:

ԿԺԴՀ ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ ԱՄՆ պետք է հստակ գիտակցի՝ եթե Վաշինգտոնը շարունակի Փհենյանի դեմ ագրեսիվ պատերազմը, գործի կդրվեն կոմպակտ, գերդիպուկ և դիվերսիֆիկացված միջուկային զենքը, ցամաքային, ծովային, ստորջրյա, օդային և կիբերհարձակումների պատերազմական միջոցներ: Ավելին՝ Հյուսիսային Կորեան խոստացել է օգտագործել պատերազմի վարման բացառիկ միջոցներ, որոնք աննախադեպ կլինեն մարդկային պատերազմների պատմության մեջ:

Հունվարի 10-ին պաշտոնական Փհենյանը հայտարարել էր միջուկային փորձարկումների մորատորիում սահմանելու իր պատրաստակամության մասին՝ պայմանով, որ ԱՄՆ-ն ու Կորեայի Հանրապետությունը [Հարավային Կորեա – ՍիվիլՆեթ] հրաժարվեն լայնածավալ զորավարժություններից: ԿԺԴՀ-ն միևնույն ժամանակ ԱՄՆ-ի իշխանություններին առաջարկել է բանակցել հարցի շուրջ և Փհենյան այցելելու հրավեր է ուղարկել Հյուսիսային Կորեայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Կիմ Սոնին: ԱՄՆ-ը մերժել է Փհենյանի առաջարկը:

Մեկնաբանել