Սիրիայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները

g_image.phpՍիրիայում փետրվարի 3-ին Դամասկոսի Ալ-Ասադի Ազգային գրադարանի սրահում տեղի է ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի`«Ականատեսների հուշերը Հայոց ցեղասպանության մասին Օսմանյան կայսրությունում» արաբերեն լեզվով գրքի շնորհանդեսը: Միջոցառումը կազմակերպել էր Սիրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների հանձնաժողովը` Սիրիայի մշակույթի նախարար Իսամ ալ-Խալիլի հովանավորությամբ: Ինչպես հաղորդում են արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, շնորհանդեսով տրվել է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների մեկնարկը Սիրիայում:

Գիրքը արաբ ընթերցողին է ներկայացնում երեք ականատեսների` սիրիացի փաստաբան Ֆայեզ Ղուսեյնի, թուրք պաշտոնյա Նայիմ բեյի և ասորի հոգևորական, մտավորական հայր Իսհակ Արմալե ալ-Սուրիանիի հուշերը, անդրադարձ է կատարում նաև Օսմանյան հասարակությունում հայերի դերին ու գործունեությանը, Հայկական հարցի միջազգայնացմանը և Օսմանյան կայսրության կողմից որդեգրված պանթուրքիստական քաղաքականության ենթատեքստում հայ ժողովրդի դիմադրության շարժմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Սիրիայի մշակույթի նախարար Իսամ ալ-Խալիլը, Սիրիայի նախագահի խորհրդական Մուհսեն Բիլալը, Սիրիայի ազգային առաջադիմական ճակատի անդամ, Սոցիալիստների միության գլխավոր քարտուղար Ահմադ ալ-Ահմադը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Այման Սուսանին, Սիրիայի Ժողովրդական ժողովի բազմաթիվ անդամներ, դիվանագետներ, աշիրաթապետեր, Սիրիայի քրիստոնեական համայնքների առաջնորդներ, ինչպես նաև սիրիահայ համայնքի և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում հնչել են բազմաթիվ ելույթներ, որոնցում անդրադարձ է կատարվել գրքի բովանդակությանը, ինչպես նաև շեշտվել աշխատության կարևորությունը արաբական աշխարհում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում:

Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է Սիրիայի զանգվածային լրատվական միջոցների կողմից:

Մեկնաբանել