New York Times-ի հոդվածը հերյուրանք է. Պուտինի խոսնակ

PeskovՌուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերյուրանք է որակել New York Times-ում լույս տեսած հոդվածը, որ Սաուդյան Արաբիան Մոսկվային Ասադից հրաժարվելու գործարք է առաջարկել՝ նավթի արդյունահանումը կրճատելու դիմաց։

Հոդվածում, մասնավորապես, ասվում էր, որ Սաուդյան Արաբիան ճնշում է գործադրում Ռուսաստանի վրա՝ առաջարկելով հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունից: Պարբերականը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը, գրել էր, որ Ռուսաստանը նախընտրում է հանդուրժել տնտեսական դժվարությունները, սակայն տեղի չտալ ճնշմանը:

«Եթե նավթը կարող է լուծել ռազմական ճգնաժամը Սիրիայում, արդարացված է, որ Սաուդյան Արաբիան օգտագործի այն` խաղաղության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար»,- պարբերականին ասել է սաուդցի դիվանագետը, որի անունը չի նշվում:

2014թ. ամռանից նավթի միջազգային գինը  մոտ 110 դոլարից նվազել է մինչև 50 դոլար` 1 բարելի դիմաց: Չնայած նավթի գնանկմանը՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) և նրա գլխավոր անդամ Սաուդյան Արաբիան հրաժարվում են կրճատել արդյունահանումը: