Քաղավիացիայի վարչությունը չի հաստատում Երևան-Էրբիլ չվերթի լուրը

planeՓետրվարի ընթացքում Հայաստանից դեպի Հյուսիսային Իրաքի Քրդական Ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ ուղիղ չվերթներ ծրագրված չեն: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը` չբացառելով, որ դրանք կարող են իրականացվել մարտից:

Նախօրեին կանադական «Հորիզոն» շաբաթաթերթը գրել էր, որ Քրդստանի ռեգիոնալ կառավարության արտգործնախարար Ֆալահ Մուստաֆան ընդունել է Իրաքում Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանին:

Թերթի հաղորդմամբ` հանդիպմանը դեսպան Գրիգորյանը հայտարարել է, որ սկսած հաջորդ շաբաթվանից` Հայաստանը շաբաթը երկու անգամ ուղիղ չվերթներ կիրականացնի Երևանից Էրբիլ: Նա հույս է հայտնել, որ դա կմեծացնի Քրդական Ինքնավարության և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային փոխգործակցությունը:

Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ «իր տեղեկատվությամբ` լուրը համապատասխանում է իրականությանը, իրականացվելու են չարտերային չվերթներ»` միաժամանակ նշելով, որ լուրի հավաստիությունը ճշտելու համար ճիշտ կլինի դիմել Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:

Մեկնաբանել