Ադրբեջանը կրակել է սեփական գյուղերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ

_MG_9721Ադրբեջանը դիմել է հերթական սադրանքին` կրակելով սեփական գյուղերի ուղղությամբ: Փետրվարի 4-ի ուշ երեկոյան Ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր` ժամը 22 անց 40 րոպեից սկսած, Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: Սա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է»,- ասված է գրառման մեջ:

Ավելի ուշ` ևս մեկ գրառմամբ, ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ «ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ»:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները կոչ են արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:

Մեկնաբանել