Քերին և Պորոշենկոն կքննարկեն Կիևին ռազմական օգնության ցուցաբերումը

Մինչև այժմ ԱՄՆ վարչակազմը ուկրաինական իշխանություններին միայն ոչ մահաբեր ռազմական օգնություն է ցուցաբերել: Մինչև այժմ ԱՄՆ վարչակազմը ուկրաինական իշխանություններին միայն ոչ մահաբեր ռազմական օգնություն է ցուցաբերել:

Փետրվարի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կիևում բանակցություններ կվարի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի և վարչապետ Արսենի Յացենյուկի հետ:

Նույն օրը ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանության նախարարները հանդիպում կունենան Բրյուսելում՝ արագ արձագանքման ուժերի ստեղծման մասին հայտարարելու համար: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ քայլն անվանել է «սառը պատերազմի ավարտից ի վեր դաշինքի հավաքական պաշտպանության ամենանշանակալի ուժեղացումը»:

Ինչպես հաղորդում է BBC-ն, խոսքը նախևառաջ գնալու է այն մասին, որ աջակցություն ցուցաբերվի ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական անդամներին:

Բացի այդ՝ պաշտպանության նախարարները կհստակեցնեն ՆԱՏՕ-ի ուժերի հետ ինտեգրման նպատակով ստորաբաժանումների ստեղծման հարցը. դրանք կտեղակայվեն Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Ռումինիայում և Բուլղարիայում: Ստորաբաժանումները կհամակարգեն տեղական զինված ուժերի գործունեությունը դաշինքի ուժերի հետ, կանցկացվեն զորավարժություններ:

Փետրվարի 4-ին Էշթոն Քարտերը, որի թեկնածությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել է Պենտագոնի նոր ղեկավարի պաշտոնում, հայտարարել է, որ ինքը հակված է ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող ամերիկյան օգնության ծավալը և չի բացառում Կիևին մահաբեր զենքի մատակարարումը: Մինչև այժմ ԱՄՆ վարչակազմը ուկրաինական իշխանություններին միայն ոչ մահաբեր ռազմական օգնություն է ցուցաբերել:

«Կարծում եմ՝ մենք պետք է օգնենք ուկրաինացիներին պաշտպանվել: Չեմ կարող այժմ հստակ նշել այդ զենքի բնույթը, քանի որ հարցը դեռ չեմ քննարկել ո՛չ մեր ռազմական ղեկավարության, ո՛չ ուկրաինացի առաջնորդների հետ»,- ասել է Քարտերը:

Մինչդեռ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեստն ընդգծել է, որ վերջնական որոշումը կընդունի երկրի գերագույն հրամանատարը, այսինքն՝ նախագահ Բարաք Օբաման:

Ըստ շրջանառվող լուրերի՝ Սպիտակ տանը մտավախություն կա, որ Ուկրաինայի իշխանություններին ամերիկյան ռազմական օգնության ցուցաբերումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ առճակատման և Ուկրաինայի արևելքում հակամարտության է՛լ ավելի սրման:

Ուկրաինայի ղեկավարությունն ու արևմտյան մի շարք պետություններ Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի արևելքում անջատականներին աջակցելու և Դոնբասի կոնֆլիկտում անմիջական ռազմական մասնակցություն ունենալու մեջ: Մոսկվան հերքում է նման մեղադրանքները:

Մեկնաբանել