Ամերիկաբնակ թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը Taraf թերթում հոդված է գրել, որտեղ անդրադառնում է այն քայլերին, որ պետք է անի Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրանից բխող հետևանքները վերացնելու համար: Աքչամը հակված է մտածել, որ Թուրքիան պետք է վարվի այնպես, ինչպես Գերմանիան՝ հրեաների պարագայում: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև:
ԱՄՆ և Գերմանիան պատմությանն առերեսվելու երկու առանձին մոդել են ներկայացնում: Գերմանիան, Իսրայելի և հրեական սփյուռքի հետ միջազգային համաձայնագիր ստորագրելով, փոխհատուցում տվեց՝ այդպես բռնելով հարցը լուծելու ճանապարհը: Իհարկե, Գերմանիան հարցին մոտեցավ նաև որպես իր ներքին խնդրի՝ պատմության հետ առերեսվելով և ֆաշիստների կատարած ոճրագործությունների մասին հանրությանը տեղեկացնելով, և, չնայած բոլոր քննադատություններին, այն դարձրեց գերմանական ինքնության անբաժանելի մասը:
ԱՄՆ-ը խնդիրը քննարկում է հիմնականում հանրային մակարդակում: Խնդրի շուրջ կարելի է ազատորեն կարծիք արտահայտել, սակայն, օրինակ, կրթական համակարգի ապակենտրոնացվածության պատճառով նահանգների մի մասում ոչ միայն չի դասավանդվում բնիկների կոտորածների, այլև նրանց պատմության մասին: ԱՄՆ-ում բնիկների դեմ կատարվածը մարդկային գիտակցության մեջ ամրապնդելու և ամերիկյան ինքնության անբաժանելի մասը դարձնելու խնդիր կարծես չկա:
ԱՄՆ-ում արդարության խնդիրն էապես չլուծվեց, իրավական, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում շարունակվում է պայքար-փնտրտուքը: Արդարության փնտրտուքի ճանապարհին մասնակի քայլեր կարելի է համարել 1978-ին ընդունված դավանանքի և սրբավայրեր այցելելու արգելքները վերացնող և 1990-ին՝ բնիկ ժողովուրդների կրոնական և մշակութային արժեքները իրական տերերին վերադարձնելու օրենքները:
2014թ. դեկտեմբերին Սպիտակ տանն անցկացված Բնիկ ժողովուրդների 6-րդ կոնֆերանսին ԱՄՆ արդարադատության նախարար Էրիկ Հոլդերը, թվարկելով բնիկ ժողովուրդների դեմ կիրառված բռնությունները, խոսեց արվող և արվելիք օրենսդրական կարգավորումների մասին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը դեռևս շարունակում է մնալ առերեսման գործընթացում:
Թուրքիան պատմությանն առերեսվելու այս երկու փորձից որի՞ն պետք է հարի
Թե՛ կառավարական, թե՛ ավելի լայն շրջանակները, որոնք 1915թ. Ցեղասպանությանն առերեսվելու առաջարկով են հանդես գալիս, հիմնականում հիմք են ընդունում ամերիկյան մոդելը: Այս հարցում կառավարական շրջանակների և ընդդիմության միջև էական տարբերություն չեմ տեսնում:
Այսինքն՝ հարցը քննարկվում է Թուրքիայի ժողովրդավարացման համատեքստում: Նրանք պահանջում են, որ հարցն ազատորեն քննարկելուն խոչընդոտող բոլոր արգելքները վերացվեն, Թուրքիայի հայերն իրավահավասար քաղաքացիներ լինեն և նրանց կյանքի պայմանները բարելավելուն նպաստող հնարավոր բոլոր միջոցները գործադրվեն, ներողություն խնդրեն, հայկական հիմնադրամների և բազմաթիվ ոլորտներում գոյություն ունեցող անիրավություններին վերջ տան:
Այսինքն՝ հայկական հարցի հետ առերեսումն ընկալվում է որպես նոր և ժողովրդավարական հասարակություն կառուցելու անհրաժեշտ բաղադրիչ:
Սա ամբողջովին անընդունելի չեմ համարում: Սակայն իմ առաջարկած մոդելը, որը խնդրի հիմնական հասցեատերեր է համարում Հայաստանը և Սփյուռքը, դուրս չի թողնում Գերմանիայի ժողովրդավարության փորձը: Ընդհակառակը՝ այն ժողովրդավարական ինքնությունն ամրապնդող մոտեցում է:
Թուրքիայի մոտեցումը, որը, ԱՄՆ-ի նման, հարցին վերաբերում է որպես ներքին ժողովրդավարացման խնդրի, չափազանց սխալ է երկու պատճառով: Նախևառաջ՝ կարմրամորթներն ԱՄՆ-ի սահմաններից դուրս ո՛չ պետություն ունեն ո՛չ էլ սփյուռք:
1915թվականն ըստ էության պատճառ դարձավ երկու նոր իրողության՝ Հայաստանի և Սփյուռքի: Այսօրվա Հայաստանն ստեղծվել է Արևելյան Հայաստանի տարածքում՝ Ռուսաստանում (նկատի ունի ցարական Ռուսաստանի նախկին տարածքը-ՍիվիլՆեթ): Սակայն հիմնադրումից ի վեր բնակչության երևի կեսից ավելին Ցեղասպանությունից փրկվածներն են կազմում:
Այս մարդիկ, որոնք իրենց բնակավայրն անվանում էին Արևմտյան Հայաստան և այդ հողի վրա Ցեղասպանության էին ենթարկվել, իրենց նոր բնակավայրերին տվեցին նախկին գյուղերի ու քաղաքների անունները: Իսկ Սփյուռքի պարագայում նույնիսկ հարկ չկա նշել, որ այն Ցեղասպանության անմիջական հետևանքն է:
Այդ պատճառով պետք է հասկանալ, որ Սփյուռքի և Հայաստանի գոյությունը անտեսելու և Ցեղասպանության հարցը միայն Թուրքիայի հայ քաղաքացիների հետ լուծելու մտայնությունը պարզապես վատ կատակ է կամ ժխտողական քաղաքականության նոր հարյուրամյակի սկիզբ:
Ցեղասպանությունը և դրա հետևանքները միայն Թուրքիայի ժողովրդավարության համատեքստում լուծելու անհեռանկարայնությունը փաստող երկրորդ կարևոր պատճառն այն է, որ գործ ունենք արդարության, ոչ թե ժողովրդավարության և ազատությունների խնդրի հետ:
Հնարավոր է ունենալ մի հանրություն, որտեղ ժողովրդարարությունը կիշխի և խոսքի ազատությունը երաշխավորված կլինի, սակայն, դրանով հանդերձ, արդարության հարցը չի լուծվի: Անշուշտ, ժողովրդավարությունն արդարության հետ կապված խնդիրների լուծման համար նախապայման է: Մի տեսակ՝ մուտքի տոմսի նման, և ոչ ավելին:
ԱՄՆ-ն ասածիս ամենավառ օրինակն է: Բնիկ ժողովուրդները դեռևս արդարության են սպասում: Իմ ներկայացրած գերմանական մոդելը կյանքի կոչելու գլխավոր առարկությունն այն է, որ Թուրքիան 1915թ. դեռ ոճրագործություն չի համարում, և մենք Կոնրադ Ադենաուեր չունենք: Այո, ճիշտ է, սակայն այդ առարկությունը միայն ցույց է տալիս, թե որն է քաղաքականության պարտականությունը, և ոչ ավելին:
Ընդունել 1915-ի ոճիրը և գտնել Ադենաուերին, որը բացահայտ կհայտարարի, որ այս հարցում իր զրուցակիցը Սփյուռքն ու Հայաստանն են
Թուրքիայում նոր-նոր ձևավորվող քաղաքացիական հասարակության և հայկական Սփյուռքի անհամատեղելիության գլխավոր պատճառն այստեղ է թաքնված: Սփյուռքն արդարություն, իսկ հասարակական կազմակերպությունները Թուրքիայում, ընդհանուր առմամբ, ազատություն են ուզում: Արդարություն ցանկացողն ազատության, ազատություն ցանկացողը՝ արդարության կարևորությունը բավականաչափ չի տարբերում:
Հրանտ Դինքի երազանքն էր Սփյուռքի կոնֆերանս հրավիրել, Սփյուռքի և Թուրքիայի հասարակական կազմակերպություների միջև ընդհանուր լեզու, խնդրի լուծման բանալի գտնել: Նրա կյանքը չբավականացրեց ընդհանուր լեզու գտնելու համար, սակայն նրա մահն ընդհանուր լեզու գտնելու հիմքերը գցեց: Հենց դա է «Առերեսվիր Հրանտի և Ցեղասպանության հետ» կարգախոսի նշանակությունը: