Եռյակի հաջողությունը կախված է եռյակի ղեկավարների անկեղծ պահվածքից

ruben hakobyan«Դժվարանում եմ նշել որևէ այլ երկիր, որտեղ գահակալել են այդքան չընտրված նախագահներ». այսպիսի հայտարարություն արեց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը փետրվարի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական-հասարակական ուժերի խորհրդաժողովին: Հակոբյանի կարծիքով՝ Հայաստանի պետականության կայացման ողնաշարին ամենամեծ հարվածը շարունակում են մնալ կեղծվող ընտրությունները, որոնց ավանդույթը դրվել է 1996թ.:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ ամեն մեկիս սխալների հետևանքով է երկիրը հասել այս ծանրագույն վիճակին՝ իշխանությունների քսան տարվա սխալ քաղաքականության և ընդդիմության չհամակարգված ծրագրի բացակայության պատճառով»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ սա լավ առիթ է՝ խոսելու նաև առկա թերությունների մասին: Նա նշեց, որ ոչ իշխանական ուժերի եռյակի հաջողությունը կախված է եռյակը կազմող կուսակցությունների ղեկավարների՝ միմյանց նկատմամբ անկեղծ պահվածքից, քանի որ, ըստ Հակոբյանի, «նրանց խոհանոցում անզեն աչքով էլ տեսանելի են անվստահության դրսևորումներ, չհամակարգված գործողություններ»:

Հակոբյանի խոսքով՝ տարածաշրջանային ճգնաժամից պաշտպանվելու համար անհրաժեշտ է համազգային ռեսուրսների կոնսոլիդացիա կամ հավաքագրում: Երկրի առջև ծառացած խնդիրների լուծումը նա տեսնում է իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման և քաղաքական ուժերի հետ այդ խնդիրների քննարկման մեջ: «Դրա համար իշխանությունը պետք է հրաժարվի իր կողմից առաջ քաշած սահմանադրական բարեփոխումներից, որոնց նպատակը իշխանական բուրգի վերարտադրությունն է, իսկ եթե հրաժարվի դա անել, Համաժողովրդական շարժումը պետք է ստանձնի համընդհանուր արտահերթ ընտրությունների անցկացումը»,- ասաց Հակոբյանը:

Մեկնաբանել