Որ Ղարաբաղի իշխանությունները Բերձորում իսկական ղալաթ արեցին՝ բռնություն գործադրելով «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցների նկատմամբ, անվիճելի է։ Որ հայկական միասնականության գաղափարին ոչ ոք այդպիսի հարված չէր հասցրել 88-ից ի վեր, նույնպես անվիճելի է։ Անվիճելի է նաև, որ ցանկացած հայ՝ կռված կամ չկռված, իր հայրենիքում, որի մասն է Արցախը, իրավունք ունի ազատ տեղաշարժվելու և օրենքի սահմանում անելու այն, ինչ ցանկանում է։ Որ ավտոերթի կազմակերպիչ Ժիրայր Սեֆիլյանը մեծատառով հայ է (որին մինչև հիմա ռեժիմը քաղաքացիություն չի շնորհել), նույնպես անվիճելի է։
Այս ամենի մեջ, սակայն, մի շատ կարևոր հարց անուշադրության է մատնվում: Ինչո՞ւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ընտրվել է «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը:
Ի՞նչ կապ ունի ռեժիմը Ցեղասպանության հետ։ Ինչո՞ւ է նման զուգահեռ դրվում։ Որքանո՞վ է Հայոց մեծ վիշտը տեղավորվում ներքաղաքական այս հարթությունում:
Ուզում եք ազատվե՞լ ռեժիմից: Ազատվե՛ք, ո՞վ է ձեզ խանգարում։ Ի՞նչ կապ ունի Ցեղասպանությունը ձեր նպատակի հետ։