ՆԱՏՕ-ն ավելացնում է արագ արձագանքման ուժերի քանակը

NATO3ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի թիվը կհասցվի 30 հազ. հոգու՝ ներկայիս 13 հազ-ից, հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր որոշումները, որոնք կընդունեն դաշինքի պաշտպանության նախարարները արձագանքման ուժերի վերաբերյալ, բացառապես պաշտպանական բնույթ են կրում, և կդառնան ՆԱՏՕ-ի արձագանքը Ղրիմում և Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին»,- ասել է Յենս Ստոլտենբերգը:

Փետրվարի 5-ին ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը գլխավոր թեման արևելաեվրոպական վեց երկրներում արագ արձագանքման ուժերի ստեղծումն է:

Հունվարի 31-ին ֆրանսիական Le Figaro թերթի հետ զրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել էր, որ դաշինքը Ռուսաստանի հետ հակամարտության չի գնում և «իր արևելյան հարևանի հետ պատերազմական վիճակում չէ»:

«Ո՛չ, ՆԱՏՕ-ն հակամարտության չի գնում Ռուսաստանի հետ,- ասել է Ստոլտենբերգը: – Սակայն համագործակցությունը պետք է հիմնված լինի վստահության, միջազգային սկզբունքների ու պարտավորությունների հարգման վրա»:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուկրաինական բանակն անվանել էր «ՆԱՏՕ-ական լեգեոն», որը հետապնդում է ոչ թե Ուկրաինայի ազգային շահերը, այլ մտադիր է զսպել Ռուսաստանին:

***

Փետրվարի 5-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կիևում բանակցություններ է վարում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ՝ այդ երկրին ռազմական օգնություն ցուցաբերելու շուրջ:

Գերմանական Die Welt պարբերականի հետ զրույցում Պորոշենկոն ասել է, որ իր երկիրն Արևմուտքի օգնության կարիքն ունի՝ «հակառակորդի դեմ պայքարում ուկրաինական բանակի մարտունակությունն ուժեղացնելու համար»:

Մեկնաբանել