Բոլոր խնդիրների լուծման ճանապարհը մեկն է՝ իշխանափոխություն. Վարդան Օսկանյան

vartan oskanian«Բարգավաճ Հայաստան» կուսակցության փետրվարի 5-ին քաղաքական-հասարակական ուժերի համաժողովին ելույթ ունեցավ ԲՀԿ անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ Նա խոսեց Հայաստանի ներքին և արտաքին խնդիրների մասին: Վարդան Օսկանյանի ելույթը՝ ստորև։

Մենք 2015 մտանք 2014-ից և նախորդ տարիներից չլուծված և խորացող բազմաթիվ հիմնախնդիրներով ու մարտահրավերներով։

2014-ը աննախադեպ քաղաքական համախմբման տարի էր, որի գլխավոր նպատակը իշխանափոխությունն էր՝ երկրում առկա հիմնախնդիրները լուծելու նպատակով:

Անկախությունից ի վեր երբեք նման իրավիճակ չի ստեղծվել, երբ ամբողջական իշխանափոխության պահանջն այսքան հրատապ լինի։ Միշտ էլ եղել են քաղաքական ուժեր՝ առանձին կամ միասին, որոնք իշխանափոխության պահանջ են դրել։ Բայց այսօրվա իրավիճակը բոլորովին այլ է։

Սա որևէ անհատի, խմբի, կազմակերպության կամ կուսակցության քմահաճության կամ պաշտոնների ձգտելու դրսևորում չէ։ Սա պետականության հիմքերը վերջնական խարխլումից փրկելու հրամայականն է։

Այսօր իշխանությունը՝ որպես դասական իմաստով իշխանություն, որը լավ կամ վատ իրականացնում է իր գործառույթները, բացակա է։ Կան անհատներ, որոնք բառի իսկական իմաստով՝ իշխում են, սակայն չկա իշխանություն, որը ճիշտ գնահատում է իրավիճակը, դրանից ելնելով որոշումներ ընդունում և գործում: Ավելին, չկա իշխանություն, որը համարժեք վարքագիծ է դրսևորում ճգնաժամային իրավիճակներում։

Երկրի կառավարումն այսօր իսկապես թողնված է ինքնահոսի՝ չկա տեսլական, չկա ծրագիր և, բնականաբար, չկան արդյունքներ։ Փոխարենը կա պետությունը անձնական բիզնեսի վերածած իշխողների նեղ խումբ, որն իր համար գրանցում է «դրական արդյունքներ»։

Իրոք, այս իշխանությունների վերջին յոթ տարիների գործունեությանը, աշխատաոճին և վերաբերմունքին նայելիս, ակամա գալիս ես եզրակացության, որ նրանց մոտ ոչ կարողությունը կա, ոչ հնարավորությունը, ոչ էլ ցանկությունը երկրում ինչ-որ բան փոխելու:

Խնդիրը հենց սա է, որ մարդիկ, որոնք այսօր տիրապետում են երկրում իրավիճակ փոխելու լծակներին, չեն գնում փոփոխությունների, որովհետև չեն կարող հրաժարվել այդ «դրական արդյունքներից»:

Ակնկալել, որ այս նեղ խումբն ինչ-որ բան է փոխելու երկրի կյանքում, միամտություն է։

Իհարկե, այս բոլորի հիմքում այն հանգամանքն է, որ երկրում հաստատվել է միակուսակցական իշխանություն, մենաշնորհվել է ամբողջ քաղաքական դաշտը, ինչը դրսևորվում է նաև տնտեսական և լրատվական դաշտի աղավաղումներով:

Փակ շղթա է ստեղծվել, երբ քաղաքական մենաշնորհը պահելու համար անհրաժեշտ է իշխանական նեղ շրջանակի տնտեսական մենաշնորհի պահպանումը և գրպանային լրատվամիջոցներով այս ամենի դրական փաթեթավորումն ու մատուցումը։

Ակնհայտ է, որ այսօր խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կամքն ու ցանկությունները, ինչպես նաև քաղաքական ուժերի իրական հարաբերակցությունը։

Քանի դեռ մենք չենք կարողացել հասնել այդ իրական հարաբերակցության իրացմանը,- իսկ այդ պարագայում կասկածից վեր է, որ կլինի քաղաքական հակակշիռների հիման վրա կառուցված համակարգ,- հնարավոր չի լինի երկրում որևէ բան փոխել:

Այսօրվա մեր անհաջողությունների հիմքում նաև վերջին տարիներին իրականացված արտաքին քաղաքականությունն է։ Եթե քաղաքական-տնտեսական ձախողումների հետևանքը ժողովուրդն անմիջապես է զգում, արտաքին քաղաքական ձախողումները կարող են դրսևորվել ավելի երկար ժամանակահատվածում և նվազ տեսանելի լինել հասարակ քաղաքացու համար։

Առանց խորանալու վերլուծությունների մեջ՝ ներկայացնեմ որոշ փաստեր, որոնք առնչվում են մեր անմիջական հարևաններին և հիմնական գործընկերներին․

Ղարաբաղյան գործընթացը երբեք այսքան խոր փակուղում չի եղել, անգամ պատերազմի տարիներին այսքան մեծ անվստահություն չի եղել կողմերի միջև։ Սա անկանխատեսելի է դարձնում Ադրբեջանի վարքագիծը, ինչի հետևանքները տեսնում ենք:

Թուրքիայի հետ մեր հարաբերությունները երբեք այսքան ցածր մակարդակի վրա չեն եղել: Այդ հարաբերություններն այսօր ոչ թե զրոյական, այլ բացասական մակարդակի վրա են և հարաբերություններից վերածվել են փոխադարձ կշտամբանքների։

Իրանի հետ երկկողմ և տարածաշրջանային գրեթե բոլոր ծրագրերը շարունակում են ձգձգվել՝ մնալով հայտարարությունների և բարի ցանկությունների հարթությունում։

Վրաստանի հետ փոխանակ մերձեցման ճանապարհով գնալու՝ գնում ենք լրիվ հակառակ ուղղությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, իրավա-օրենսդրական, անվտանգության և այլն։ Սա մեզ համար լի է բացասական հետևանքներով:

Ինչ վերաբերում է Հայաստանի այլ հիմնական գործընկերներին, մեկ նախադասությամբ ասեմ, որ կորցրել ենք Ռուսաստանի հարգանքը և Արևմուտքի վստահությունը ։

Այս բոլոր խնդիրների լուծման ճանապարհը մեկն է՝ իշխանափոխություն։