Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Կառավարությունն առաջարկում է հանրապետության պաշտոնաթող նախագահների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նա պաշտոնանկ է արվում, նշանակել հատուկ կենսաթոշակ` գործող նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափով, ինչպես նաև պաշտոնաթող նախագահի կահավորված գրասենյակը նրան տրամադրել ցմահ օգտագործման իրավունքով: Համապատասխան օրենքի նախագծին կառավարությունը հավանություն է տվել փետրվարի 5-ի նիստին:
«Նշված հատուկ կենսաթոշակը չի վճարվում այն ամբողջ ժամանակահատվածում, որի ընթացքում պաշտոնաթող նախագահը վարում է որևէ ընտրովի կամ նշանակովի պաշտոն և ստանում է Հայաստանի Հանրապետության նախագահի` օրենքով սահմանված աշխատավարձի 80 տոկոսի չափը գերազանցող վարձատրություն, իսկ այդ չափից ցածր լինելու դեպքում նա ստանում է նշված հատուկ կենսաթոշակի և աշխատավարձի տարբերությունը»,- ասված է կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ:
Նշված օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:
Համաձայն «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովության մասին» գործող օրենքի` պաշտոնաթողությունից հետո նախագահի համար կառավարությունը նշանակում է հատուկ թոշակ` գործող նախագահի աշխատավարձի 75 տոկոսի չափով, իսկ կահավորված գրասենյակը տրամադրվում է նրա ցանկությամբ: