Օլանդն ու Մերկելը մեկնում են Կիև և Մոսկվա

Դեռ հայտնի չէ՝ կոնկրետ ինչ են առաջարկելու Օլանդն ու Մերկելը: Դեռ հայտնի չէ՝ կոնկրետ ինչ են առաջարկելու Օլանդն ու Մերկելը:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 5-ին կմեկնեն Կիև, փետրվարի 6-ին՝ Մոսկվա՝ ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման հարցը քննարկելու համար. այս մասին հայտարարել է Օլանդը՝ Ելիսեյան պալատում հրավիրված ասուլիսին:

Ֆրանսիայի նախագահը, Reuters-ի հաղորդմամբ, ասել է, որ Ֆրանսիան Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարի կողմնակից չէ, և ինքն ու Մերկելը որոշել են հանդես գալ նոր նախաձեռնությամբ. «Մենք հակամարտության կարգավորման նոր առաջարկ կմշակենք, որի հիմքում ընկած կլինի Ուկրաինայի տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Բրիտանական Financial Times-ը գրել է, որ եվրոպացի առաջնորդների առաջարկների էությունը չի հրապարակվում: Պարբերականը հիշեցնում է, որ Մերկելը բազմիցս ընդգծել է՝ առաջնահերթ խնդիր է Ուկրաինայում հրադադարի հաստատումը:

Կիևում Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները հանդիպում կունենան Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Մոսկվայում կքննարկվեն «Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի դադարեցմանն ուղղված հստակ քայլեր»:

Փետրվարի 5-ին Կիևում Պետրո Պորոշենկոյի հետ բանակցություններ է վարում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Նա հայտարարել է Ուկրաինային 16,4 մլն դոլարի մարդասիրական հավելյալ օգնություն հատկացնելու մասին:

Մեկնաբանել