Ադրբեջանը Վրաստանի համար թանկացնում է բնական գազը

image5Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին փետրվարի 5-ին հանձնարարել է փոխվարչապետներին բանակցություններ սկսել Ադրբեջանի պետական նավթային ընկերության ՝ SOCAR-ի հետ՝ Վրաստանում բնական գազի սակագների բարձրացումից խուսափելու համար, հաղորդում է վրացական civil.ge կայքը:

Թբիլիսիում մարտ 1-ից իրավաբանական անձանց համար գազի սակագինը կկազմի $0,45/1 խմ՝ ներկայիս $0,23/1 խմ-ի փոխարեն: Այս մասին տեղեկացրել է «ԿազՏրանսԳազ Թբիլիսի» ընկերությունը՝ թանկացումը պայմանավորելով լարի-դոլար փոխարժեքի փոփոխմամբ: Ֆիզիկական անձանց համար գազի սակագնի բարձրացում չի ակնկալվում:

«Կարծում եմ՝ պետք է ուղիներ գտնենք՝ խուսափելու գազի սակագնի բարձրացումից՝ առնվազն այս փուլում: Մենք կապվել ենք SOCAR-ի ներկայացուցիչների հետ: Նրանք պատրաստ են բանակցել այս հարցով, հետևապես ես հանձնարարում եմ փոխվարչապետներին, իմ անունից այս հարցը լուծել հնարավորինս սեղմ ժամկետներում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի շրջաններում գազի սակագինը $0,25/1 խմ է: Վրաստանի էներգետիկայի նախարարությունը նշում է, որ գազի սակագնի փոփոխման հարցում պայմանավորվածության համաձայն՝ բարձր սակագինը հացի գործարանների վրա չի տարածվի:

Ադրբեջանն ապահովում է Վրաստանում սպառվող գազի 80 տոկոսը:

Մեկնաբանել