Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Մեդվեդևին

 

 

hovik abrahamyan and dmitry medvedevՄոսկվայում այսօր տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են համագործակցության ընդլայնմանն ու խորացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ: «Վստահ ենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նոր խթան կհանդիսանա մեր երկրների տնտեսությունների զարգացման, մրցունակության բարձրացման համար: Հուսով ենք, որ մոտ ապագայում էապես կփոխվեն տնտեսական ցուցանիշները, մասնավորապես, կավելանան առևտրաշրջանառության և ներդրումների ծավալները, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացմանը և այդ համատեքստում կարևորել Եվրասիական տնտեսական միության շրջանակում տարբեր բնագավառներում համատեղ ծրագրերի և նոր նախագծերի իրականացումը: Երկուստեք ընդգծել են, որ Հայաստանի ԵՏՄ-ին միանալը լայն հնարավորություն կստեղծի առևտրաշրջանառության աճի խթանման, նոր ներդրումների ներգրավման և նոր շուկաների ձեռքբերման համար: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև անցած տարի Սոչիում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Փետրվարի 6-ի առավոտյան վարչապետ Աբրահամյանը աշխատանքային նախաճաշ կունենա Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ՝ Պետական դումայում: Հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդրանիկ նիստին: