Համանախագահները Մյունխենում հանդիպել են Նալբանդյանին

g_imageՓետրվարի 5-ին աշխատանքային այցով Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը շարունակվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումները։

Էդվարդ Նալբանդյանը միջնորդների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- նշել է նա։

Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները լեհական Կրակովում հանդիպել էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:

Մեկնաբանել