Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում թուլացնել լարվածությունը

russia-mfaՌուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին վճռականորեն կոչ է անում ձեռնարկել գործուն միջոցներ` ուղղված լարվածության թուլացմանը, խուսափել հակամարտության սրմանը հանգեցնող քայլերից. այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:

Ռուսաստանի ԱԳՆ կայքի փոխանցմամբ՝ փետրվարի 5-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Լուկաշևիչն ասել է․ «Շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է բարդ իրադրություն տիրել: Նախկինի պես շատ են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, հաճախացել են բախումները, ակտիվացել է հետախուզադիվերսիոն խմբերի գործունեությունը: ԵԱՀԿ մոնիթորինգի առաքելության տեղեկատվությամբ` պատրաստված պաշտոնական աղբյուրների տվյալների հիման վրա, միայն հունվարին հակամարտության գոտում զոհվել է 12 և վիրավորվել 18 մարդ: Զոհերի փաստացի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել»:

Նա հիշեցրել է հունվարի 27-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում բոլոր կողմերին կոչ է արվում հետևել հրադադարի մասին համաձայնագրի պայմաններին:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները լեհական Կրակովում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպմանը համանախագահները Ադրբեջանին կոչ են արել պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում:

Փետրվարի 5-ին համանախագահները Մյունխենում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Վերջինս միջնորդների ուշադրությունն է հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ նշելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է ավելի քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։