Հայկական բջջային հավելվածը $10 մլն է ներգրավել

mzlԲջջային հեռախոսների լուսանկարների ֆոտոխմբագրիչ PicsArt հավելվածը, որ մշակվել է հայաստանյան մասնագետների կողմից, ամերիկյան Sequoia Capital ընկերության կողմից 10 մլն դոլար ֆինանսավորում է ստացել, հաղորդում է Techcrunch.com կայքը:

Հավելվածի ներբեռնումների թիվը ներկայում հասնում է 200 մլն-ի, իսկ ամսական ակտիվ օգտատերերի թիվը 60 մլն է:

Հավելվածն ստեղծվել է հայկական «Սորսիո» ընկերության հիմնադիր Հովհաննես Ավոյանի կողմից 2011թ. Կալիֆոռնիայում: Ընկերությունը ներգրավված միջոցները մտադիր է օգտագործել Սան Ֆրանցիսկոյի իր նորաբաց գրասենյակն ընդլայնելու ուղղությամբ: Բացի այդ՝ դա PicsArt-ին հնարավորություն կտա գործընկերային կապեր հաստատել Sequoia Capital-ի հետ:

Venturebeat.com կայքի հետ զրույցում Ավոյանը նշել է, որ «ոգեշնչվում է իր դստեր կողմից, որը սիրում է ստեղծագործել, և արտիստ է»: «Հրաշալի կլինի ունենալ այնպիսի հավելված, որը թույլ կտա մարդկանց աղջկաս պես ստեղծարար լինել»,- ասել է Ավոյանը:

PicsArt-ի հեղինակ Հովհաննես Ավոյանը։ PicsArt-ի հեղինակ Հովհաննես Ավոյանն ասում է, որ ոգեշնչվում է դստեր կողմից։

Նրա խոսքով՝ PicsArt-ը «սոցիալական ցանց չէ, և նման է նկարների համար նախատեսված YouTube-ի»:

PicsArt-ը, ի տարբերություն Instagram սոցիալական ցանցի, շեշտը դնում է ֆոտոխմբագրիչի հատկությունների զարգացման վրա: Հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին ավելացնել նաև տեքստ, սթիքերներ, ինչպես Instagram-ը:

Շատերը PicsArt-ը համարում են Photoshop-ի և Instagram-ի խառնուրդ: