Սահմանին դանդաղ պատերազմ է. ՊՆ խոսնակ

Հիմա սահմանին դանդաղ, դիրքային, ականային պատերազմ է: Փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին։

Նրա խոսքով՝ հակառակորդի խախտումներին ամեն օր պատասխան չտրվելու դեպքում Հայաստանը կսկսի պատերազմում պարտություններ կրել:

«Ամեն օր հրամանատարությունը նոր ելքեր է որոնում, ամեն օր հակառակորդի նորարություններին նորարական պատասխաններ է տալիս»,- ասաց ՊՆ խոսնակը:

Անդրադառնալով փետրվարի 5-ին Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական գնդակից բնակչի զոհվելու փաստին՝ Հովհաննիսյանը նշեց, որ դա անպատասխան չի մնա:

«Ի տարբերություն իրենց՝ մենք քաղաքացիական բնակիչների հետ կռիվ չունենք անելու: Մենք մեր հակառակորդին լավ ենք ճանաչում՝ խրամատում նստած զինվորն է»,- ասաց նա:

Ասուլիսին մասնակցող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադառնալով սահմանային միջադեպերին նշեց, թե «միանշանակ է, որ պաշտպանական բնագավառում խնդիրներ կան»:

«Ես հստակ արձանագրում եմ՝ իմացեք` Հայաստանի քաղաքական ղեկավարության անողնաշար քաղաքականությունը և պարտությունը կոմպենսացվում է պաշտպանության նախարարության կողմից այդ զոհերի գնով: Անհետևողական, անգրագետ արտաքին քաղաքականության բնագավառում բոլոր բացթողումները կոմպենսացվում են ՀՀ քաղաքացիների, զինվորների կյանքի գնով: Պաշտպանական գերատեսչությունը մնացել է միակ ազգային ինստիտուտը, որը լուծում է ազգային պաշտպանության խնդիրը, բայց այս գնով չէր կարելի»,- ասաց Սաքունցը:

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Փետրվարի 5-ի երեկոյան ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Ներքին Կարմիաղբյուր գյուղը, որի հետևանքով զոհվել գյուղի բնակիչ 61-ամյա բնակիչ Վանիկ Ղուկասյանը:

Կեսգիշերին մոտ ադրբեջանական կողմից գնդակոծությունը դադարել է:

Մեկնաբանել