Գյումրիի ցույցերի առնչությամբ ձերբակալվածը ազատ արձակվեց

UntitledԱյսօր ժամը 14-ին մոտ ստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնից ազատ արձակվեց Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի առնչությամբ փետրվարի 4-ին ձերբակալված, Սառնաղբյուր գյուղի 22-ամյա բնակիչ Մնացական Ալեքսանյանը:

Ոստիկանության մուտքի առջև Ալեքսանյանին դիմավորեցին լրագրողներ, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք այնտեղ էին եկել` նրան ազատ արձակելու պահանջով:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանությունում իր վրա ճնշումներ գործադրվել են` հորդորելով այլևս չմասնակցել ցույցերի, Ալեքսանյանն ասաց, որ ընդհանրապես ճնշումների չի ենթարկվել: Նա չցանկանացավ մանրամասներ ներկայացնել իր ձերբակալության վերաբերյալ:

Նրա փաստաբան Հայկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ներկա դրությամբ ուղղակի որոշում է կայացվել ձերբակալվածին ազատելու մասին` ո´չ մեղադրանք է առաջադրած, ո´չ էլ խափանման միջոց է ընտրված: «Ներկա պահին նրանք որոշում են տվել, որ ձերբակալման հիմքերը բացակայելու պատճառով նրան ազատ են արձակում»,- ասաց նա:

Հարությունյանը չբացառեց, որ Մնացական Ալեքսանյանի ազատ արձակումը կարող է լինել գյումրեցիների ճնշման արդյունք:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Երևանում և Գյումրիում հունվարի 14-ին և 15-ին տեղի էին ունեցել բողոքի ակցիաներ՝ Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնելու պահանջով:

Մեկնաբանել