Ղազախստանը մտադիր է սահմանափակել ռուսական ապրանքների ներմուծումը

KNO_003251_00215_1_t222_225449Ղազախստանը հնարավոր է՝ արգելի ռուսական մի շարք ապրանքների ներկրումը, որոնք խիստ էժանացել են ռուբլու արժեզրկման պատճառով և սպառնալիք են երկրի ներքին շուկայի համար: Ռուսական «Կոմերսանտ» թերթ, վկայակոչելով ՌԴ գյուղնախարարությունում, Եվրասիական տնտեսական հանձնաժողոում և սննդամթերքի շուկայում իր աղբյուրները, գրում է, որ խոսքը նավթամթերքի, ավտոմեքենաների և դրանց մարտկոցների, շինարարական ամրանների, թռչնամսի, ձվի, մակարոնեղենի, հրուշակեղենի, ալյուրի և հյութերի մասին է:

Ղազախական կողմն իր դիրքորոշումը պատճառաբանում է այն հանգամանքով, որ ռուբլու արժեզրկման պատճառով ղազախ արտադրողները գների հարցում չեն կարողանում մրցակցել ռուսականների հետ. ռուբլին ղազախական տենգեի նկատմամբ անկում է ապրել 47 տոկոսով:

Ռուսական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ սահմանելու խնդրանքով Ղազախստանի կառավարությանը դիմել են երկրի Ձեռնարկատերերի ազգային պալատի ներկայացուցիչները:

Սա առաջին անգամ չէ, որ Ղազախստանը փորձում է սահմանափակել ներկրումը Ռուսաստանից: 2014թ. նոյեմբերին Ղազախստանն արգելեց իր տարածքում ռուսական արտադրության օղիների և գարեջրի որոշ ապրանքանիշերի վաճառքը: Իշխանությունները դա բացատրեցին «սննդամթերքի անվտանգության պահանջներին անհամապատասխանությամբ»: Արգելքը, սակայն, վերացվեց օրեր անց` ռուսական կողմի հետ խորհրդակցություններից հետո:

«Կոմերսանտը» գրում է, որ վերջին ժամանակներս ռուս-ղազախական հարաբերությունները, չնայած Մաքսյաին միության շրջանակում պաշտոնական սերտ համագործակցությանը, ավելի ու ավելի լարված են թվում: Մի շարք փորձագետներ դա կապում են ուկրաինական ճգնաժամի սրման հետ. Աստանան մտավախություն ունի, որ այս կամ այն իրադրությունում Մոսկվան կարող է փորձել ռուսալեզու զգալի բնակչություն ունեցող կենտրոնասիական հանրապետությունում խաղալ «արևելաուկրաինական սցենարը»: Բացի այդ` Ղազախստանը ակտիվ կերպով հասկացնում է, որ Մոսկվայի հետ եվրասիական ինտեգրացիոն նախագծերի զարգացումը չպետք է վնասի երկրի քաղաքական ինքնիշխանությանը: Անցյալ տարվա փեպտեմբերին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն անգամ նախազգուշացրել էր, որ Աստանան կարող է հրաժարվել Եվրասիական միությունից: Ու թեև Ղազախստանի` ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ լուրջ խոսակցություն առայժմ չկա, Աստանան հասկացրել է` տնտեսական ինտեգրումը պետք չէ մեկնաբանել որպես Ուկրաինայի և համաշխարհային այլ ճգնաժամերի հարցում Մոսկվայի ուղեգծին անվերապահ հետևելու պատրաստակամություն:

Ղազախստանը, Բելառուսը, Ռուսաստանը, իսկ 2015թ. հունվարի 1-ից՝ նաև Հայաստանը, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են։

Մեկնաբանել