«Նաիրիտի» 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից

TH_NairitՓետրվարի 6-ին «Նաիրիտ» գործարանի 1700 աշխատակից ազատվել է աշխատանքից: Այս մասին հաղորդում է գործարանի արհմիութենական կոմիտեն։

«Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում:

Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն այնուամենայնիվ վերագործարկվելու է, և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի:

Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք` հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար»,- ասված է արհմիութենական կոմիտեի հաղորդագրությունում:

2014թ. դեկտեմբերի սկզբի դրությամբ` աշխատանքից ազատելու վերաբերյալ ծանուցագրեր էին ուղարկվել «Նաիրիտ» գործարանի 2100 աշխատակցի: Գործարանի տնօրինությունը հայտարարել էր, որ «աշխատողների հնարավոր կրճատումներն արվում են ձեռնարկության ծախսերի օպտիմալացման ու հետագա պարտքերի կուտակումը կանխելու նպատակով»:

***

«Նաիրիտ» գործարանն արդեն չորս տարի է, ինչ մատնված է պարապուրդի, սակայն տեխնոլոգիական գործընթացները պահպանելու, ինչպես նաև աշխատակիցների վարձատրության համար օրական շարունակում է մոտ 3 մլն դրամի պարտք կուտակել. միայն աշխատավարձային ամսական ֆոնդն այստեղ մոտ $1 մլն է։ Գործարանի աշխատակիցները պարբերաբար նախագահի նստավայրի, Ազգային ժողովի և կառավարության դիմաց կազմակերպում են բողոքի ցույցեր:

Հունվարի 27-ին նրանք հերթական բողոքի ցույցն էին անցկացրել նախագահի նստավայրի, այնուհետ՝ էներգետիկայի նախարարության դիմաց՝ պահանջելով իրենց 18 ամսվա աշխատավարձի պարտքի մարում:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը փետրվարի 2-ին հանդիպել էր «Նաիրիտի» աշխատակիցների հետ և տեղեկացրել, որ մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ:

Մեկնաբանել