ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համակողմանի բանակցությունների կոչ են արել

Համանախագահները նշել են՝ հրամայական է, որ կողմերը քայլեր ձեռնարկեն՝ նոյեմբերի 12-ի ուղղաթիռի անկման նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար: Համանախագահները նշել են՝ հրամայական է, որ կողմերը քայլեր ձեռնարկեն՝ նոյեմբերի 12-ի ուղղաթիռի անկման նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեր Անդրիոյը հանդես են եկել հայտարարությամբ՝ փետրվարի 5-ին Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ:

«Մենք անհանգստությամբ արձանագրեցինք շփման գծում և Հայաստան – Ադրբեջան սահմանին միջադեպերի թվի աճը: Նախարարի հետ նաև քննարկեցինք առաջարկվող այն միջոցները, որոնք կնվազեցնեն նման դեպքերը: Մասնավորապես, հրամայական է, որ կողմերը քայլեր ձեռնարկեն՝ նոյեմբերի 12-ի ուղղաթիռի անկման նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար:

Բռնություններն ու լարվածությունը կողմերի միջև ընդգծում են համակողմանի բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը խնդրի հարատև կարգավորման հասնելու համար: Նախարարին կոչ ենք արել ճկունություն ցուցաբերել, որպեսզի հնարավոր լինի նման բանակցություններ սկսել:

Մենք նաև ընդգծել ենք երկու նախագահների՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին կնքված համաձայնագրի իրագործման կարևորությունը: Նման տեղեկատվության փոխանակումը կարող է վստահություն ստեղծել երկու կողմերի միջև և հեշտացնել հաշտեցման գործընթացը»,- ասված է միջնորդների հայտարարության մեջ:

Նրանք նաև տեղեկացրել են, որ հաջորդ ամիս կայցելեն տարածաշրջան:

Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրիոյի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի։

«Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն արհամարհում է միջազգային հանրության հասցեական կոչերը և իր արկածախնդիր քաղաքականությամբ և սադրիչ գործողություններով ավելի է սրում իրավիճակը, արգելակում խաղաղ կարգավորման գործընթացը»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

Հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է արել Թվիթերում, որում իր գոհունակությունն է հայտնել հանդիպման առթիվ և ողջունել նախարարի պատրաստակամությունը նվազեցնել լարվածությունը:

Մեկնաբանել