Պերմյակովի սակավամտության վերաբերյալ տվյալներ չկան. ՀՀ քննչական կոմիտե

Invest. Commmittee2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան, հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

«Քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավամտության վերաբերյալ տարածվող լուրերի վերաբերյալ հայտարարում ենք, որ վարույթն իրականացնող մարմինը նման տվյալների չի տիրապետում, նման տեղեկություններ քրեական գործում չկան, – ասված է քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ: – ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում հարցումներ են ուղարկվել Ռուսաստան՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ծառայության ընթացքում բժշկական հետազոտությունների և դրանց արդյունքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար»։

Քննչական կոմիտեից նաև տեղեկացնում են, որ նշված փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո մեղադրյալի նկատմամբ կնշանակվի դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, միաժամանակ պարզաբանվում է, որ նման ծանր հանցագործությունների դեպքում, որպես կանոն, մեղադրյալի նկատմամբ նշանակվում է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, որի համար փորձաքննության ենթարկվող անձի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը պարտադիր են։

Ակնարկ

Վերջին օրերին ռուսական մի շարք լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն, թե Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը տառապում է սակավամտությամբ՝ օլիոգֆրենիայով: Այսպես՝ gazeta.ru կայքը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Պերմյակովը չէր կարող զորակոչվել, քանի որ հոգեկան խանգարումներ ունի:

Պերմյակովի սակավամտության մասին լուրն արագ տարածվել է ռուսական մի շարք լրատվամիջոցներում:

Շաբաթվա սկզբին ռուսական Interfax գործակալությունը, կրկին հղում անելով «սեփական անանուն աղբյուրներին», գրել էր, որ Վալերի Պերմյակովի դատը կանցկացվի Հայաստանում ռուսական ռազմակայանի կայազորային դատարանում: Ըստ Interfax-ի՝ «նման որոշում է ընդունվել Հայաստանի հյուսիսում տեղակայված ռազմակայանի կարգավիճակի մասին երկկողմ համաձայնագրի հիման վրա»:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել հինգ անձ:

Մեկնաբանել