Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը. Է. Նալբանդյանի հոդվածը Politique Internationale-ում

ԱԳ նախարարի հոդվածը՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հրապարակվել է նաև որպես Politique Internationale-ի ամսագրի հավելված՝ առանձին բրոշյուրի տեսքով: ԱԳ նախարարի հոդվածը՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հրապարակվել է նաև որպես Politique Internationale-ի ամսագրի հավելված՝ առանձին բրոշյուրի տեսքով:

Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը։

«Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։

Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից ներկայացնում է 1990-ական թվականների սկզբից ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը, բանակցային գործընթացի փուլերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկները և վերջին զարգացումները։

«Ադրբեջանը մերժեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները, որոնք առաջարկվել են Մինսկի խմբի համանախագահների կողմից, ներառյալ՝ Սանկտ Պետերբուրգի (2010թ. հունիս), Աստրախանի (2010թ. հոկտեմբեր), Սոչիի (2011թ. մարտ) և Կազանի (2011թ. հունիս) գագաթաժողովների ժամանակ: Ադրբեջանը մերժել է եռանախագահների կողմից ներկայացված բոլոր առաջարկները։ Նա փորձում է տարբեր միջազգային հարթակներում ոչ միայն խեղաթյուրել բանակցային գործընթացի էությունը, այլև հակամարտության բնույթը՝ չխորշելով ապակողմնորոշել միջազգային հանրությանը` ներկայացնելով հակամարտության հետևանքները որպես դրա պատճառներ»,- գրում է Էդվարդ Նալբանդյանը։

Արտգործնախարարը, կարևորելով միջնորդների կողմից առաջարկված վստահության ամրապնդման միջոցների իրականացումը, ընդգծում է. «Համանախագահները ներկայացրել են վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների վերաբերյալ մի շարք առաջարկներ՝ հրադադարի ռեժիմի ամրապնդում, շփման գծից դիպուկահարների հետքաշում, հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում: Բոլոր այս առաջարկները հավանության են արժանացել մի շարք կարևորագույն միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից: Դրանք ողջունել են նաև Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Բայց բոլորը մերժվել են Բաքվի կողմից»։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը անդրադառնում է Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով քարոզվող հայատյացությանը և դրա վտանգավոր հետևանքներին. «Ադրբեջանում լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, մտավորականության ներկայացուցիչները հետապնդվում են որպես «Հայաստանի լրտեսներ» կամ «ազգի թշնամիներ»` միայն այն պատճառով, որ նրանք հանդես են գալիս հօգուտ խաղաղության և հաշտեցման: Գրող Աքրամ Այլիսլին հետապնդումների թիրախ դարձավ մի վեպ հրատարակելու համար, որում անդրադառնում էր Բաքվում և Սումգայիթում հայերի ջարդերին: Նրա գրքերը հրապարակայնորեն այրվեցին, իսկ գրողը, ստանալով մահվան սպառնալիքներ, ստիպված էր լքել երկիրը»։

Արտգործնախարարն ընդգծում է, որ բազմաթիվ միջազգային կազմակերպություններ ահազանգել են Ադրբեջանում ռասիզմի, անհանդուրժողականության և մարդու իրավունքների խախտումների սարսափելի դրսևորումների և հայատյացության քաղաքականության մասին: Ի պատասխան՝ Բաքուն հանդուրժողականության և ազատությունների թեմաներով կեղծ համաժողովներ է կազմակերպում՝ հույս ունենալով ուրիշներին պարտադրել մարդու իրավունքների վերաբերյալ իր սեփական տեսակետը։

ԼՂ խնդրի լուծման Հայաստանի տեսլականը

Ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ Հայաստանի տեսլականը՝ Էդվարդ Նալբանդյանը գրում է.

«Մենք համոզված ենք, որ վերջին վեց տարիների ընթացքում համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում ուրվագծված սկզբունքները և տարրերը կարող են հիմք հանդիսանալ՝ հակամարտության արդար և տևական կարգավորման համար:

Հայկական կողմը կիսում է այն մոտեցումը, որ ժողովուրդները պետք է նախապատրաստվեն խաղաղության, ոչ թե պատերազմի: Դժբախտաբար, մինչ օրս ադրբեջանական ղեկավարությունն անում է ճիշտ հակառակը:

Մենք լիովին համաձայն ենք համանախագահ երկրների հետ առ այն, որ ուժի կիրառումը չի լուծի հակամարտությունը, և որ միայն բանակցային կարգավորումը կարող է հանգեցնել կայունության, խաղաղության՝ ընձեռելով տարածաշրջանային համագործակցության և զարգացման նոր հնարավորություններ: Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա այս իրականությունը, այնքան ավելի մոտ կլինի հակամարտության կարգավորումը»:

Արտգործնախարար Նալբանդանի հոդվածը՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով, հրապարակվել է նաև որպես Politique Internationale-ի ամսագրի հավելված՝ առանձին բրոշյուրի տեսքով։

Մեկնաբանել