Ուկրաինական ճգնաժամ. Մոսկվայի հանդիպմանը պայմանավորվել են համատեղ փաստաթղթի շուրջ

150207063549_moscow_ukraine_talks_624x351_apԳերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդները Մոսկվայում փետրվարի 6-ին կայացած բանակցություններում պայմանավորվածության են եկել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման վերաբերյալ համատեղ փաստաթղթի նախապատրաստման շուրջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, այժմ փաստաթղթի քննարկմանը պետք է միանա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Փետրվարի 8-ին կողմերը պետք է նախնական արդյունքները ամփոփեն «նորմանդական ձևաչափով» հեռախոսազրույցի ընթացքում, որին կմասնակցեն Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Պետրոս Պորոշենկոն: «Նորմանդական ձևաչափ» են անվանում ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունները, որոնց մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից և Ֆրանսիայից: Այս պետությունների ներկայացուցիչներն այս ձևաչափով ուկրաինական ճգնաժամն առաջին անգամ քննարկել են 2014թ. հունիսին Նորմանդիայում:

Մերկել-Օլանդ-Պուտին մոսկովյան հանդիպման ընթացքում քննարկված փաստաթղթի մանրամասները չեն բացահայտվում: Ռուսաստանի նախագահի հետ ավելի քան հինգ ժամ բանակցելուց հետո Գերմանիյաի կանցլերն ու Ֆրանսիայի նախագահը Մոսկվայից հեռացել են` առանց մամուլի համար հայտարարություններ անելու:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի ուշ հայտաարել է, որ քննարկված փաստաթուղթն ուղղված է Մինսկի` 2014թ. սեպտեմբերին ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը և ներառում է բոլոր երեք երկրների առաջնորդների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի առաջարկությունները:

Գերմանիայի արտգործնախարարությունում Մոսկվայի բանակցություններն անվանել են «կառուցողական և բովանդակային»:

AFP-ի հաղորդմամբ` փետրվարի 6-ի բանակցությունները Փարիզում նույնպես անվանել են «կառուցողական»:

Վաշինգտոնը, սակայն, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հանդիպմանը թերահավատորեն է մոտենում:

«Չեմ կարող դրական ազդանշան անվանել այն, որ նրանք [Ռուսաստանը] լսում են: Նրանք լսում էին: Նրանք պարզապես ոչինչ չեն ձեռնարկում»,- մեջբերում է Պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆի խոսքը Associated Press-ը:

Կրեմլում ներկա գտնված լրագրողները հատկապես ընդգծել են, որ Մերկելը, Օլանդն ու Պուտինը բանակցությունները սկսել են` առանց ավանդական արարողակարգային ձեռքսեղմումների և ժպիտների: Հանդիպման մեկնարկից որոշ ժամանակ անց նրանք դուրս են եկել` կլոր սեղանի շուրջ արարողակարգային լուսա- և տեսանկարահանումների, որից հետո բանակցությունները շարունակել են «դեմ առ դեմ» ձևաչափով:

Փետրվարի 5-ին Մերկելն ու Օլանդը մոտ հինգ ժամ բանակցություններ էին վարել Կիևում Պետրո Պորոշենկոյի հետ: Նույն օրը` ավելի վաղ, Կիևում Պորոշենկոյի հետ բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Ուկրաինայի արևելքում ռուսամետ տրամարդրություններ ունեցող անջատականների և Ուկրաինայի կառավարական զորքերի միջև արյունալի մարտեր են ընթանում անցյալ տարվա գարնանից: Կիևն ու Արևմուտքի նրա դաշնակիցները վստահեցնում են, որ Մոսկվան անջատականներին զինում է մարտիկներով, սպառազինություններով և ծանր տեխնիկայով: Մոսկվան հերքում է այս մեղադրանքները:

Մեկնաբանել