Առևանգվել է «Կասեցում» նախաձեռնության մասնակից Արտակ Խաչատրյանը

Artak KhachatryanՓետրվարի 7-ին դիմակավորված զինված անձինք անհայտ ուղղությամբ են տարել «Կասեցում» նախաձեռնության մասնակից, «Շրջանառության հարկի մասին» օերնքի դեմ ակտիվ պայքարող Արտակ Խաչատրյանին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա նշել է, որ Արտակ Խաչատրյանն իր առևանգման մասին հասցրել է տեղեկացնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին: Նա միայն հասցրել է նշել, որ դիմակավորված անձինք իրեն ձերբակալել են և տանում են անհայտ ուղղությամբ:

«Արտակ Խաչատրյանի հանդեպ այս ռեպրեսիվ մեթոդների կիրառման պատճառների մասին դժվար չէ ենթադրություններ անել։ Իմ տվյալներով` ոստիկանությունը բերման ենթարկելու մասին որևէ ինֆորմացիա չունի։

Ես, որպես ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, պահանջում եմ վերջ տալ այս հրահրող գործողություննեին, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները Արտակ Խաչատրյանի գտնվելու վայրը պարզելու և նրան ազատ արձակելու ուղղությամբ։ Ես դիմել եմ նաև ոստիկանության Երևանի վարչության պետին և ակնկալում եմ, որ նա հետևողական կլինի այս հարցում։

Ի վերջո մարդկանց համբերության բաժակն անհատակ չէ, գոնե վերջին ամսվա ընթացքում պետք է համոզվեիք, և այսպիսի մեթոդներով չէ, որ հնարավոր է լինելու զսպել ժողովրդի բողոքի ալիքը»,- գրել է Էլինար Վարդանյանը։

ՍիվիլՆեթը փորձեց Արտակ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ ոստիկանությունից, սակայն կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:

Արտակ Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: