Գալիպոլի. հակաքայլ` երկու ուղղությամբ. Շահան Գանտահարյան

Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Գալիպոլի. հակաքայլ` երկու ուղղությամբ» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երևանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը:

Մինչ այդ, փաստորեն Թուրքիայի նախագահի լռությունը՝ հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր: Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երևան նշումների մրցապայքարի ազդանշանը տրված է:

Փորձենք ամփոփել, թե այս մրցապայքարում հայկական կողմը ի՞նչ առավելություններ կարող է ձեռք բերել: Իհարկե, այս մոտեցումը բնավ չի անտեսում թուրքական վարչամեքենայի և համապատասխան բաժանմունքների գործադրած հսկայական միջոցներով իրականանալիք չեզոքացման միջոցառումները:

Պետական մակարդակներում, պետք է ակնկալել, որ միևնույն պետությունը կարող է ներկայացուցիչներ ուղարկել թե´ Երևան և թե´ Անկարա: Այստեղ խնդիրը կենտրոնանում է տվյալ պաշտոնատարի զբաղեցրած պետական հանգամանքի աստիճանաչափի վրա: Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ որքան էլ իրազեկվի տվյալ պետությունը, թե Գալիպոլիի նշման թվականը շարժական չէ, թե այս դեպքում Ապրիլ 24-ի ընտրությունը պարզապես չեզոքացման միտող հակաքայլ է, այնուամենայնիվ հրավերներին ընդառաջելու պետական շարժառիթները զուտ քաղաքական են: Նման պահվածքներում քաղաքական տվյալ պահի թելադրած հանգամանքները շատ ավելի գերակշիռ են, քան արժեքների նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքների հետևողականությունը:

Հայկական կողմը, քաղաքական տրամաբանության այս պարունակում առաջին հերթին վստահաբար նկատի կունենա Անկարայի հետ առևտրատնտեսական ոչ նկատառելի հարաբերություններ ունեցող պետությունների շրջանակները: Ցեղասպանության և նույնիսկ Արցախի անկախության ճանաչման վերջին բանաձևերը հուշում են, որ հարավամերիկյան երկիրները այդ առումով համեմատաբար նպաստավոր ենթահող ունեն: Անկախ գաղափարական բարենպաստ ընդհանուր մթնոլորտից, այստեղ Անկարան ճնշելու մեծ հնարավորություններ չունի: Ուրեմն, Հարավային Ամերիկայի տարբեր երկրները կարող են առաջնակարգ դեմքերի մակարդակով մասնակցել 100-ամյակի երևանյան նշումներին:

Հրավերների ընդառաջումներ կարող են արձանագրվել նաև Անկարա և տվյալ պետություն լարված հարաբերությունների իրավիճակից ելնելով: Եգիպտոսը կարող է օրինակ հանդիսանալ այս իմաստով: Քաղաքական հուշարարությամբ բեմ բարձրացող նման օրինակների շարքը կարող է շարունակվել: Պարզ է, որ արժեքի փոխարեն քաղաքական պահի թելադրած կանոնն է այստեղ գործող քերականական չափորոշիչը:

Նաև, անկախ հայկական կողմի աշխարհագրական առավելությունից` աշխարհասփյուռ կազամակերպված համայնքների ցանցային կառույցը և աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 100-ամյակ նշելու ծրագրերը, տեղի պետական-հասարակական կառույցներում հայկական գործոնի ներգրավվածությունն ու ազդեցիկությունը, այլ կարևոր հանգամանք ևս գոյություն ունի հոբելյանական այս մրցապայքարում, իբրև հայկական կողմի առավելություն:

Առաջին հայացքից նշումների մրցապայքարը Երևանի և Անկարայի միջև է: Մի կարևոր ենթամրցապայքար կա, որ խորքային դիտարկումով հետզհետե սկսում է ավելի հստակ երևալ: Խոսքը պաշտոնական Անկարա-թուրքական հասարակություն պայքարի մասին է, որի առանցքը տվյալ դեպքում ցեղասպանությունն է: Իհարկե, այս դեպքում գերխանդավառվելը օգտակար չէ: Այնպես չէ, որ թուրքական դաշտը բևեռացած է այս հարցի շուրջ կամ կարող է առաջնորդել խոր պառակտումների: Այսուհանդերձ, ճեղք չնկատելը այս հարցում իրատեսական չպիտի լինի:

Գաղտնիք չէ, որ Թուրքիայի կարևորագույն քաղաքներում պիտի հիշատակվի Հայոց ցեղասպանությունը: Տարբեր բնույթի կազմակերպություններ կոչեր են հրապարակում Գալիպոլիի ձեռնարկներին չմասնակցելու և փոխարենը Երևան մեկնելու: Սակայն, այդ նույն կազմակերպությունները, անուղղակի կոչ են անում այս ձևով ոչ թե միայն Երևան մեկնելու, այլ նաև Թուրքիայում իրենց կազմակերպած ապրիլյան ձեռնարկներին ներկա լինելու:

Գալիպոլին հետևաբար, միայն Երևանին հակաքայլ չէ, այլ միևնույն Թուրքիայում ապրիլյան նախաձեռնությունները ծխածածկելու միտում: Գալիպոլին երկու ուղղությամբ պայքարելու անհրաժեշտության առջև է այսօր:

Անկարան անվերջ փորձ կկատարի իր ապրած ներքին երկվությունը տեղափոխել հայկական դաշտ, ՀՀ-սփյուռք տարանջատման քարոզչաքաղաքական խաբկանքներ հրամցնելով: Հռչակագիրը վճռական պատասխան է նման սադրանքի: Հայկական կողմը հստակ առավելություններ ունի այս մրցապայքարում:

Մեկնաբանել