ԵԱՀԿ նախագահը մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում լարվածության աճով

g_image ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի և Հայաստանի արտգործնախարար Էդվար նալբանդյանի հանդիպումը. Մյունխեն, փետրվարի 7, 2015թ.:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում փետրվարի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպումը ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Իվիցա Դաչիչի հետ. Վերջինս խոր մտահոգություն է հայտնել` հակամարտության գոտում լարվածության աճի առնչությամբ, և կարևորել է 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով հրադադարի ռեժիմի լիարժեք ապահովումը։ Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից Նալբանդյանը նշել է, որ չնայած եռանախագահող երկրների ղեկավարների բազմաթիվ կոչերին` Բաքուն շարունակում է իր առավելապաշտական գիծը՝ արգելակելով բանակցային գործընթացը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ օրակարգային հարցերին, ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության խնդիրներին, հայ-սերբական դինամիկ զարգացող հարաբերություններին և դրանց առավել ընդլայնմանն ուղղված քայլերին։

Էդվարդ Նալբանդյանը Իվիցա Դաչիչին հրավիրել է այցելել Հայաստան։

Փետրվարի 5-ին Նալբանդյանը Մյունխենում հանդիպում էր ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:

Փետրվարի 7-ին համանախագահները հանդիպման վերաբերյալ հանդես են եկել  հայտարարությամբ և համակողմանի բանակցությունների կոչ են արել:

***

Հունվարի սկզբից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի վրա մի շարք արյունալի միջադեպեր են գրանցվել՝ մարդկային կորուստներով:

Հունվարի 27-ին Մինսկի խմբի համանախագահները լեհական Կրակովում հանդիպել էին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումից հետո համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ՝ Ադրբեջանին կոչ անելով պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հանձնառությունները: «Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն հրադադարի համաձայնագրին»,- ասված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունում: