Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ սկսել կոնկրետ արդյունքի հասնելու նպատակով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Մյունխենի անվտանգության համաժողովում։
Վրաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Ղարիբաշվիլին ասել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն դրա համար մանրամասն նախապատրաստություն է պահանջվում։ Նա նաև հայտարարել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի ապագան կարող է լինել միայն Վրաստանի հետ, և քննադատել է Վրաստանից անջատված այդ հանրապետությունների հետ Ռուսաստանի կնքած ինտեգրացիոն պայմանագրերը։
***
Թբիլիսին Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Վրաստանից անջատված այս տարածքների անկախությունը։
2015թ. հունվարին Ռուսաստանի Պետական դուման վավերացրեց Աբխազիայի հետ դաշնակցության և ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որով վրաց-աբխազական սահմանի, Աբխազիայի ծովային տարածքների և այդ հանրապետության ինքնիշխանության տակ գտնվող մյուս տարածքների պահպանությունն իրականացվելու է համատեղ ուժերով: